Գլխավոր ԵՐԵւԱՆ Երեւանում տեղադրվել են էլեկտրական ավտոմոբիլների լիցքավորման կայաններ

Երեւանում տեղադրվել են էլեկտրական ավտոմոբիլների լիցքավորման կայաններ

0

Օպերային թատրոնի հարեւանությամբ գտնվող ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման երեք կայաններ: Սա նոր հնարավորություն է տվյալ հատվածում կայանելուն զուգընթաց անվճար լիցքավորել էլեկտրական ավտոմեքենան: Այս մասին հայտնում է`artimes.com-ը: Մեր այցելության ժամանակ արդեն նաեւ էլեկտրամոբիլ էր միացված լիցքավորման կայաններից մեկին: Վարորդը, սակայն, տարածքում չէր:

«Plug.am» ծրագրի հեղինակ- ղեկավար Կարեն Դերձյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում արդեն 25 լիցքավորման կայաններ են տեղադրել, տարբեր քաղաքներում եւ համայնքներում: «Երեւանից դուրս՝ 2-ը Գյումրիում են, իսկ 20-ն այլ քաղաքներում եւ մարզերում: Գրեթե բոլոր մարզերը ներառել ենք, սկսած Այրում համայնքից մինչեւ Եղեգնաձոր ամենահարավային կետը»,-ասաց Կարեն Դերձյանը:

Վերջինիս խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի հետ դեռ քննարկումներ պիտի ծավալվեն, որպեսզի հաջորդ փուլում կայաններ տեղադրվեն ոչ թե միայն կենտրոնում, այլեւ մյուս վարչական շրջաններում, քաղաքի ծայրամասերում:

Ըստ մեր զրուցակցի՝ էլեկտրական մեքենաների ամենօրյա օգտագործման դեպքում շաբաթը մեկից երկու լիցքավորումը լրիվ բավական է: Մեքենաները հարմար են նաեւ երկար ճանապարհային ուղեւորությունների ժամանակ։ Էլեկտրական մեքենաները մեկ լիցքավորումով կարելի է վարել 80-160 կմ, իսկ «Tesla» ավտոմեքենաները՝ մինչեւ 645 կմ։

«Եթե մեքենան լիցքավորում է տնային պայմաններում, կարող է տեւել 8-10 ժամ եւ ավելի: Օրինակ՝ Tesla մեքենաները մինչեւ 30 ժամ են պահանջում տնային պայմաններում լիցքավորման համար, բայց հանրային կայաններն ավելի հզոր են, դրանց լիցքավորումը կարող է տեւել 1-4 ժամ՝ կախված մեքենայից»,-ասաց Կարեն Դերձյանը

Էլեկտրական մեքենաների առավելությունը վառելիքի՝ էլեկտրական էներգիայով փոխարինումն է, ինչի հետեւանքով կրճատվում են նավթային վառելիքի այրումից առաջացող ածխաթթու գազի եւ այլ ջերմոցային գազերի արտանետումները: Այս տեխնոլոգիայի միջոցով օդի աղտոտվածությունը, երթեւեկության աղմուկն ու այլ խնդիրներ կարող են հեռանկարային լուծում ստանալ:

Էլեկտրոմոբիլների հիմնական արտադրողներն են Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան։

Երեւանի փոխքաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ լիցքավորման կայանների տեղադրման նախաձեռնությունն իրենցը չէ, պարզապես իրենք տրամադրել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող տարածքը: Լիցքավորման կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում:

Էլեկտրոմոբիլներն այսօր համարվում են ապագայի մեքենաներ, դրանք գնալով առավել մեծ տարածում են գտնում ամբողջ աշխարհում: Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 700-ից ավելի ավտոմեքենա կա էլեկտրական լիցքավորմամբ: Այդ թիվը գնալով ավելանում է, հետեւաբար մեծանում է լիցքավորման կայանների հանդեպ պահանջարկը: Սակայն այս պահի դրությամբ մայրաքաղաքում դրանք ընդամենը 6-ն են, որոնք ոչ կոմերցիոն՝ հանրային տարածքներում են տեղադրված: Հաշված թվով լիցքավորման կայաններ էլ կան կոմերցիոն վայրերում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել