Գլխավոր Ահազանգ Մամուլից տեղեկացա, որ դատվելու եմ, այն էլ՝ երեւի ցմահ…Սպիտակի քաղաքապետ

Մամուլից տեղեկացա, որ դատվելու եմ, այն էլ՝ երեւի ցմահ…Սպիտակի քաղաքապետ

0

ՀՀ գլխավոր դատախազությունում նախօրեին հարուցված քրեական գործերի մասին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն իմացել է այսօր առավոտյան` մամուլից: Այս մասին marzer.am–ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Սահակյանը. «Հարուցված քրեական գործերի մասին պաշտոնապես ընդհանրապես չեն տեղեկացրել, մենք տեղեկացել ենք մամուլից այնպես, ինչպես շատ բաների մասին…մեզ համար էլ է զարմանալի, ու չենք էլ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Կարծում եմ` շուտով հետաքննությունը կսկսվի, մենք էլ կիմանանք այդ մասին ու լիարժեք պատասխան կստանանք»,-ասաց Գ. Սահակյանը, նշելով, որ պետական վերահսկողական ծառայության կողմից կատարված ստուգումների արձանագրությունում սակայն, այլ բան է նշված եղել. «Արձանագրությունը ուղղարկվել,  է լրիվ այլ բան է նշված եղել, հիմա մենք տեսնում ենք դատախազության տարածած հաղորդագրությունը…ինձ համար շատ անհասկանալի մեղադրանք է, եւ հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կպարզվի ու հերքումն էլ բնականաբար կլինի»:

Քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 4-ին: Ուղիղ 13 տարի առաջ նույն օրը Գագիկ Սահակյանը ընտրվեց Սպիտակի քաղաքապետ: Պատահականություն է այս ամենը,  թե պարզապես համընկնում` Սպիտակ համայնքի ղեկավարը դժվարացավ ասել. «Ես չեմ ուզում զուգահեռներ տանել, որ հատուկ է արվել, բայց փաստն այն է, որ ես ընտրվել եմ 2008թ-ի մայիսի 4-ին, եւ փաստորեն մայիսի 4-ին էլ մամուլից տեղեկացա, որ արդեն դատվելու եմ, ու այնքան էլ հոդվածներ է դրված, որ երեւի ցմահ կդատվեմ, լավ է գոնե գնդակահարությունը հանված է Հայաստանում»:

Գ. Սահակյանի համար սպասելի չի եղել, որ մի օր քրեական գործեր կհարուցվեն, ասում է`մտածում էր` նորմալ աշխատանքը կգնահատվեր ըստ արժանվույն, սակայն միեւնույն ժամանակ պատրաստ է եղել ցանկացած զարգացման. «Եղավ այն, ինչ եղավ, կտեսնենք` հետագան ինչպես կզարգանա»:

Հիշեցնենք, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւս միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, որից 2 օր անց արդեն պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ուսումնասիրություններ էր սկսել քաղաքապետարանում ու ենթակա հիմնարկներում:

Գ. Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հաջորդ ամիս: Իշխանական կուլիսներում արդեն իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու ունեն:  ՏԻմ ընտրություններ Սպիտակում նախատեսված են այս տարվա աշնանը:

Թե ինչ կապ ունեն հարուցված քրեական գործերը քաղաքապետի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու հետ, միանշանակ հնարավոր չէ պնդել, սակայն փաստ է այն, որ ՊՎԾ ստուգումները սկսվեցին հրաժարականի պահանջից անմիջապես 2 օր հետո:

Է.Ա. Marzer.am

Մեկնաբանել