Մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ըստ shamshyan.com–ի, ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովհաննես Յարաղյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ընկուզենուն: Վթարի հետեւանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները եւ կնոջը, երբ տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Ամուսինս ավտոմեքենան քշելիս ասեց՝ վախ սիրտս, վախ սիրտս: Երեւի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում»,– մենք էլ օգնեցինք կնոջը տեղափոխել հիվանդանոց:
Փաստի առթիվ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: