Այսօրվանից մի քանի օրով կասեցվում է Երևանի թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը: Այս մասին տեղեակցնում է Նոր Նորք վարչական շրջանը: «Օրերս մանկապարտեզի երեք երեխաներ հոսպիտալացվել են՝ «աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ: Երեխաներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում նախնական ախտորոշումը հաստատվել է: Նույն մանկապարտեզ հաճախող ևս մի քանի երեխա՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով, բուժումը ստանում են տանը: Վարակի պատճառները հայտնաբերելու, ինչպես նաև՝ դրա տարածումը կանխարգելելու նպատակով նշված մանկապարտեզը մի քանի օր փակ կմնա, որից հետո կվերսկսի աշխատանքը:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է շրջանի ֆեյսբուքյան գրառման մեջ: