Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել եւ հիմա վիճարկում ենք վերադաս ատյաններում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հարցին՝ Սյունիքի դեպքերով մեղադրանքների առաջադրումները քաղաքական որոշման արդյո՞ւնք էին, Դավթյանը պատասխանեց. «Քաղաքական որոշման մասին խոսք չի կարող լինել: Ինչո՞ւ եմ սա հստակորեն ասում. կատարված դեպքերը եղել են հրապարակային (սրա առանձնահատկությունը դա է), այսինքն՝ կատարված դեպքը յուրաքանչյուր քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումը արդարացվա՞ծ են, թե՞ ոչ, ոչ միայն իրավական առումով»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաեւ, թե ինչի՞ց է, որ այն գործերը, որոնք գնում են դատարան, դատարանը ոչ իրավաչափ է համարում:
«Քաղաքական որոշումներ բացառված է, որ մենք կայացնենք: Իրավական գործընթացների բացերի վերաբերյալ մեր վերլուծությունը, թե մինչդատական վարույթում ձերբակալվածների եւ կալանավորվածների հետ կապված մեր խնդիրները հիմնականում ինչով են պայմանավորված, իմ զեկույցում ներկայացված է: Դրանց մի զգալի մասը օրենսդրական խնդիրներով Է պայմանավորված, մի որոշակի մասը պայմանավորված Է հատկապես դատական մարմինների կողմից մեզ համար անկանխատեսելի, միջազգային պրակտիկային անհամաչափ, անհամապատասխան մեկնաբանություններ տալով: Եվ առիթ ենք ունեցել խոսելու, երբ որ վերադաս մարմիններին հաջողվում է մեզ հիմնավորել եւ ստանալ դրական լուծումներ, շատ հաճախ դրանք իրենց ազդեցությունը քրեադատավարական իմաստով կորցրած կամ նվազեցրած են լինում»,- եզրափակեց գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ վարչապետի այցի ընթացքում մի խումբ անձինք սադրանքներ էին հրահրել, հայհոյանքներ հնչեցրել, հետապնդել Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով բարձրանալ նրա մեքենայի վրա: