Մայթային հատվածը հետիոտնին վերադարձնելու և մեքենաների կայանումը մայթերին բացառելու նպատակով մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը: Այս մասին հայտնում է` shamshyan.com-ը:
«Մայթերն ամբողջությամբ զբաղեցված են լինում մեքենաներով և մարդկանց տեղաշարժը հաճախ դառնում է դժվարին, իսկ այն մարդիկ, ովքեր տեղափոխվելու խնդիր ունեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, ինչու չէ, նաև սայլակով երեխաներին տեղափոխոխ մայրերը լրջագույն խնդրի առաջ են կանգնում և ստիպված են լինում դուրս գալ փողոցի բանուկ հատված»,- նշում է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագիրն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները:
2021-ին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ: «Վարչական շրջանները, Ճանապարհային ոստիկանությունը մեզ ցանկ են տրամադրում, և ըստ դրա տեսնում ենք, թե որտեղ ինչ ծավալի աշխատանք կարող ենք իրականացնելու: Կենտրոնում արդեն իսկ 60 հատ տեղադրել ենք, Շենգավիթում 30 հատ է նախատեսված, և այսպես ծրագիրը կիրականացնենք բոլոր անհրաժեշտ տեղերում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Խնդրահարույց վայրերից մեկն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքն էր, բայց հիմա արդեն մայթն ամբողջությամբ հետիոտնինն է: «Ես հասկանում եմ, իհարկե, վարորդներին, որովհետև շատ հաճախ ուղղակի տեղ չի լինում կայանելու, բայց համաձայն չեմ այն մտքին, որ տեղ չլինելը մայթերին կայանելու պատճառ կարող է լինել»,- նկատում է Լևոն Զաքարյանը: Ճանապարհային ոստիկանությունը մայթերին փոխադրամիջոցների կայանումն արգելելու վարչական լծակ ունի: Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, այս առումով պատասխանատվություն է նախատեսում։ «Տուգանքներ են նախատեսված 5000 դրամի չափով, եթե վարորդը կանգառ է կատարում մայթին, իսկ եթե մեքենան կայանում է մայթին՝ տուգանքը 20 հազար դրամի է հասնում»,- ասում է ՀՀ ՃՈ առաջին գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




