ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի, Աժ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի հետ Սարդարապատի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Թեժ մարտերում քաջաբար ընկած սարդարապատցիներ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի, փոխգնդապետ Սեդրակ Վարդանյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Պողոսյանի, սերժանտ Դավիթ Մարտիրոսյանի, շարքայիններ Սպարտակ Մարտիրոսյանի, Գառնիկ Ռաշոյանի, պայմանագրային զինծառայող Ավետիս Ավետիսյանի և անհետ կորած համարվող Ալբերտ Մելքոնյանի հայրենի դպրոցում կազմակերպված միջոցառումը սկսվել է նրանց հիշատակին կանգնեցված խաչքարի օծման և հուշապատի օրհնության կարգով:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն իր վշտակցությունն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած սարդարապատցիների ծնողներին, կանանց և հարազատներին՝ նշելով. «Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում Սարդարապատ համայնքն անմասն մնալ չէր կարող, որի արդյունքում մենք ունեցանք 7 զոհ և 1 անհայտ կորած: Մեր եղբայրները կենացմահու կռիվ տվեցին՝ անմնացորդ ծառայելով հայրենիքին և զոհաբերելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Իրենց սխրանքներով նրանք աշխարհին ապացուցեցին հայի արժանապատիվ տեսակը, այս հողի վրա ապրելու և արարելու արդարացի իրավունքը:
Հերոսածին մայրեր, սիրելի ուսուցիչներ, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ՝ մեր անմահացած հերոսներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, և նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար:
Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոս եղբայրներին»:
Ապա մարզպետն անդրադարձել է սարդարապատցի հերոսների, մասնավորապես՝ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի սխրանքներին, որի համար Սարդարապատի միջնակարգ դպրոցը դեռևս պատերազմի օրերին արժանացել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին: Այն այսօր կրթօջախի տնօրենին է հանձնել կրթական գերատեսչության նախկին ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:
Հուշ-ցերեկույթին իրենց գեղարվետական մասնակցությունն են ունեցել Սարդարապատի միջնակարգ դպրոցի սաները և երգչախումբը:
Միջոցառումն ամփոփվել է սարդարապատցի քաջերի անունը կրող դասասենյակների անվանակոչությամբ: