
Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխված 17 հիվանդից ստացիոնար բուժում է ստանում 5-ը: Նրանցից 3-ը 0-5 տարեկան են, 2-ը՝ 25-40: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անի Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ նման ախտորոշմամբ նոր դեպքեր չենք արձանագրվել: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարությունն այսօր հայտնել էր, որ Սիսիանում 296 անձի մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններ են ի հայտ եկել, որոնց մի մասը հոսպիտալացվել է, մյուսները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ չնայած տարածված լուրերին, ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն: Նրա կարծիքով`կեղծ են նաեւ այն տեղեկությունները, թե ջուրը թունավորվել է ադրբեջանցիների կողմից:
«Դա հնարավոր չէ, քանի որ մեր ջուրը Շաքիից է գալիս, որը շատ հեռու է ադրբեջանական վերահսկողությունից: Կարծում եմ՝ կեղծ տեղեկատվություն է դա։ Հետազոտությունների համար նմուշները վերցված են: Ե՛վ հիվանդների կղանքն ենք քննության ուղարկել Երեւան վիրուսոլոգիական լաբորատորիա, ե՛ւ նմուշառման ջուրն ենք վերցրել, նույնիսկ մտածել ենք՝ հնարավոր է կորոնավիրուս լինի, դա էլ ենք հետազոտել, բայց բացասական թեստեր ունենք: Վաղը օրվա վերջում պատասխանը կլինի»,– ասաց Անի Գրիգորյանը։
Նշենք, որ տուժածներից 281-ը մինչև 18 տարեկան երեխաներ են եւ միայն 15-ը՝ մեծահասակ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: