Կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանին ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով), իսկ Արման Դավոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
«Քիչ առաջ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Նշված դեպքի առնչությամբ ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները պատշաճ դատախազական հսկողության ներքո շարունակվում են»,- գրել է Աբրահամյանը:




