«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի, ներառյալ՝ կտտանքների մասին հաղորդագրություններով:
Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունները հետաքննելու հարցում՝ անկախ նրանց կարգավիճակից և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքների պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից:
Որպես երկիր, որը ստորագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»: