Հակառակորդի հետ երեկոյան պայմանավորվեցին կամ Խնձորեսկի հատվածում բանակցության գնալ, կամ Վերիշենում։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Սյունիքի մարզի Վերիշեն վարչական շրջանի ղեկավար Արարատ Օրդյանը։
«Այս պահին այստեղ չեն, հավանաբար Խնձորեսկում են բանակցում։ Էլի լարված վիճակ է, սպասողական վիճակ է։ Բանակցություններ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվեն բանակցությունները, որ մեր անելիքը հասկանանք։ Ոչ մի տեղաշարժ չկա, կանգնած ենք»,- ասաց Արարատ Օրդյանը։
Նրա խոսքով՝ գյուղում վիճակն այս պահին խուճապային չէ. «Մարդիկ պատրաստ են իրենց հողն ու ջուրը պահելուն»։
Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: