Գլխավոր ԵՐԵւԱՆ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք...

Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ելման դիրքեր. Փաշինյան

0

Ուզում եմ տեղեկատվություն փոխանցել Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում ստեղծված իրադրության մասին: ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել եւ հատել Հայաստանի պետական սահմանը Սեւ լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից ըստ էության իրադրության էական փոփոխություն չկա, շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սեւ լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ եւ այնտեղ նաեւ մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն եւ բախում չկա, որովհետեւ երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ. «Ինչու է իրադրությունն այսպես. նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է եւ դա երեւում է դեռեւս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

«Իհարկե, կարեւորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատել են եւ մեր դիրքերի միջդիրքային հատվածներով հասել են Սեւ լիճ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա առանձին քննարկման խնդիր է, որն անպայման կդիտարկվի:

Անդրադառնալով այն քննարկումներին, թե երեկ պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց այն նա ասաց. «Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, որ ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում եւ տրվել է ամբողջական տեղեկատվություն»:

Փաշինյանն ընդգծեց՝ պետք է այս իրավիճակին շատ լուրջ վերաբերվել, որովհետեւ ըստ էության գործ ունեն ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ:

«Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա եւ լինի անձեռնմխելի, մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր: Այսինքն այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն այն դիրքեր, որտեղ գտնվել են նրանք մայիսի 10-ի դրությամբ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել