ՀՀ ոստիկանությունն առաջարկում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործվող տառերի քանակն ընդլայնել եւ թույլ տալ, որպեսզի բոլոր տառերը հնարավոր լինի օգտագործել: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել:
Ներկայումս ավտոմեքենաների համարանիշներում առկա են «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» եւ «Z» տառերը, տվյալ որոշումն ընդունվելու դեպքում կարող են օգտագործվել նաեւ «B», «E», «H», «I», «J», «K», «W» եւ «Y» տառերը:
Ըստ հիմնավորման՝ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:
Ոստիկանության հաշվարկներով՝ մեկ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման դեպքում ֆիզիկական անձանց հատկացման համար նախատեսված հաշվառման համարանիշերի 100%-ի հատկացման պարագայում՝
Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի վաճառքից կանխատեսվող եկամուտը կկազմի 7 մլրդ 898 մլն 200 հազար դրամ,
սովորական համարանիշերի հատկացումից եկամուտը կկազմի 686 մլն 368 հազար դրամ,
տեխ. անձնագրերից եկամուտը կկազմի 628 մլն 254 հազար դրամ։
Այսինքն 1 տառից կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 9 մլրդ 212 մլն 822 հազար դրամ։
Նախագծով ակնկալվում է հաշվառման համարնիշերի թողարկումը թույլատրել 8 նոր տառերով: Իսկ ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73 մլրդ 702 մլն 576 հազար դրամ, իսկ ծախսը՝ 2 մլրդ 93 մլն 7 հազար 904 դրամ։