Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Նոր 12 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր. Արմավիրում սպորտային խաղերի եւ ընտանեկան հանգստի...

Նոր 12 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր. Արմավիրում սպորտային խաղերի եւ ընտանեկան հանգստի գոտի կկառուցվի (լուսանկարներ)

0

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում նախատեսվում է կառուցել սպորտային խաղերի եւ ընտանեկան հանգստի ժամանցային համալիր: Կկառուցվի ջրային սպորտաձեւ համարվող վեյքբորդինգի նոր լիճ, քոթեջներ եւ այլն: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Ներդրումային ծրագիրն իրականացնում է «Wake Park Armenia» ընկերությունը, որի ներդրողները հիմնականում արտասահմանում բնակվող հայեր են: Ընկերության սեփականատիրոջ անունը, սակայն, դեռ գաղտնի է պահվում:

Ըստ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ նախատեսված է իրականացնել շուրջ 3 մլն դոլարի ներդրում եւ ստեղծել 160 աշխատատեղ:

Ծրագրի մանրամասների վերաբերյալ զրուցել ենք «Wake Park Armenia» ընկերության ներկայացուցիչ Մուշեղ Հովակիմյանի հետ:

– Պարո՛ն Հովակիմյան, կմանրամասնե՞ք, ինչ համալիր է նախատեսվում կառուցել, ինչե՞ր են ներառված լինելու այդ համալիրում:

– Համալիրի առաջին եւ ամենակարեւոր մասը լինելու է վեյքբորդինգի լիճը, որտեղ մարդիկ զբաղվելու են այդ սպորտաձեւով: Վեյքբորդինգն իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի եւ սերֆինգի համադրություն: Դա շուտով դառնալու է օլիմպիական սպորտաձեւ, այդ լճում լինելու են խոչընդոտներ, որոնք մարդիկ պետք է հաղթահարեն: Լինելու է նաեւ առանձին փոքր լիճ, որտեղ մարդիկ պարապելու են: Մեծ դաշտում հիմնականում պրոֆեսիոնալներն են լողալու, իսկ փոքրում մարդիկ կսովորեն: Դրա մոտ լինելու է երեխաների համար նախատեսված փոքր վեյքբորդինգի լիճ եւ փչովի ակվա պարկ: Երեխաների համար ավելի շատ ժամանցային է լինելու, իսկ ծնողները վեյքբորդինգով կզբաղվեն:

Լինելու է նաեւ երեխաների համար մեծ հատված, որտեղ կարող են սովորել տարբեր լեզուներ, ձեռագործություն, առողջ ապրելակերպ: Ծնողները երեխաներին մի քանի օրով կարող են բերել եւ թողնել: Կարելի է ասել՝ ե՛ւ հանգստյան գոտի է դառնում ե՛ւ ճամբար:

– Ովքե՞ր են ներդրումն իրականացնում:

– Ներդրում իրականացնողները Բելառուսից մեր հայրենակիցներն են: Անունները դեռ չեմ ուզում տալ, երբ արդեն բացման պրոցեսը լինի՝ կիմանաք: Ես, որպես այդ ընկերության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ ազգասեր մարդիկ են: Մենք մինչեւ վերջ գնացինք, որ այս ծրագիրը գար Հայաստան: Տարբերակ կար նաեւ Վրաստանում անել այս ծրագիրը, իսկ մեր օտարերկրյա գործընկերներից մեկն առաջարկում էր նաեւ Ադրբեջանում իրականացնել, սակայն մենք կտրուկ դեմ արտահայտվեցինք:

– Ինչո՞ւ եք հենց Դաշտ համայնքում որոշել կառուցել համալիրը:

– Այդ տարածքը, կարելի է ասել, անապատ է: Պատճառներից մեկն այն է, որ մեր հողատարածքի սահմանով անցնում է «Վեոլիա ջուր» ընկերության մեծ խողովակը, որտեղից մենք ջուր ենք վերցնելու: Այսինքն՝ ոչ թե աղտոտված ոռոգման ջուր ենք վերցնելու, այլ նորմալ խմելու ջուր: Բնականաբար, դա գնելու ենք հաստատված քանակով, հաստատված գնով: Գրեթե 80 հազար խմ ջուր է, տարին 2 անգամ գնելու ենք ու վերափոխենք: Այդ ջրի մեջ քիմիա չենք լցնելու, որ չաղտոտենք բնությունը, քանի որ հետագայում դա անվճար տրամադրելու ենք ոռոգման համար:

– Որքանո՞վ են պետական գերատեսչություններն աջակցում ներդրմանը կամ դրա հնարավոր խոչընդոտների վերացմանը:

– Աջակցություն միանշանակ կա: Արմավիրի մարզպետարանի, անձամբ մարզպետի, Դաշտի համայնքապետի եւ մեր էկոնոմիկայի նախարարության կողմից բավականաչափ մեծ աջակցություն կա: Մի փոքր դժվարություն ունենք կադաստրի կոմիտեի հետ, նրանք չեն ուզում ընդառաջ գնալ այն փաստին, որ այս ներդրումն անում ենք ոչ թե փող աշխատելու, այլ երկիրը զարգացնելու ու աշխատատեղեր ստեղծելու համար:

– Ի՞նչ խնդիրներ են ստեղծվել:

– Օրինակ՝ ասում են, այդ նույն լճի տարածքը  հասարակական նշանակության դարձնելու համար ամեն մետրի համար պետք է վճարել գրեթե 1 դոլար: Դա լիճ է՝ 19 հեկտար է լինելու, եթե 1 դոլարով հաշվես 190 հազար դոլար է ստացվում զուտ նրա համար, որ լիճ կառուցենք: Վահան Քերոբյանը, Արմավիրի մարզպետը համատեղ փորձում են լուծում գտնել այդ խնդրին, պետական աջակցություն իրականացնել:

– Էկոնոմիկայի նախարարը հայտնել էր 3 մլն դոլարի ներդրման մասին, դա ամբո՞ղջ ծավալն է: Ընդհանուր որքա՞ն տարածքի վրա եք ներդրումն իրականացնելու:

– Միայն վեյքբորդինգի լճի համար առաջին փուլում 3 մլն դոլար ներդրում է իրականացվելու, ընդհանուր 3 փուլով նախատեսված ներդրումները կազմելու են 10-12 մլն դոլար: Իսկ տարածքի չափը հիմա 19 հեկտար է, ապագայում եւս 20 հեկտար կլինի, ընդհանուր՝ 39 հեկտար:

– Ե՞րբ եք նախատեսում սկսել  կառուցումը եւ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ դրա համար:

– Երբ լինեն փաստաթղթային թույլտվությունները, բոլոր խոչընդոտները վերացվեն եւ շինթույլտվություն լինի՝ կսկսենք ծրագիրը: Առաջին փուլի համար անհրաժեշտ է 6 ամսից 1 տարի, իսկ ամբողջական 3 փուլերն իրար հետ իրականացնելու համար՝ մոտ 4 տարի:

– Նշվում է նաեւ 160-ից ավելի աշխատատեղի ստեղծման մասին: Սա ե՞րբ է նախատեսված, եւ միջինը ի՞նչ աշխատավարձով:

– Սա նախատեսված է առաջին փուլից հետո: Ընդհանուր 3 փուլերից հետո պլանավորվում է 300- 350 աշխատատեղ ստեղծել, դրա մեջ մտնում են՝ ուսուցիչներ, մարզիչներ, փրկարարներ, տեխնիկական աշխատակիցներ, մատուցողներ, խոհարարներ եւ այլն: Իսկ միջին աշխատավարձի չափը դեռ քննարկման փուլում է:

– Ժամանցային համալիրի պոտենցիալ հաճախորդները ՀՀ քաղաքացինե՞րն են հիմնականում դիտարկվում, թե՞ զբոսաշրջային ուղղություն եք ցանկանում դարձնել:

– Մեր բիզնես պլանով նախատեսված է 70-80 տոկոս արտաքին զբոսաշրջիկներ, 20 տոկոս՝ ներքին:

– Ինչո՞ւ եք հիմա ցանկանում ներդրումը կատարել եւ հենց այդ ուղղությամբ:

–  Ինչո՞ւ այդ ուղղությամբ, որովհետեւ Հայաստանում դա չկա, բավականաչափ արագ զարգացող սպորտաձեւ է աշխարհում, մի կողմից ֆինանսապես ձեռնտու է, մյուս կողմից Հայաստանի զբոսաշրջության համար նոր հետաքրքրություն կլինի: Ջրային սպորտաձեւերի համար լողի սեզոնը Արմավիրում 6-7 ամիս է, ինչը բավականին երկար է:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել