Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Ո՞ր մասնագիտություններն են այս տարի պահանջված. ներկայացնում է ԳԹԿ փոխտնօրենը

Ո՞ր մասնագիտություններն են այս տարի պահանջված. ներկայացնում է ԳԹԿ փոխտնօրենը

0

Այս տարվա դիմորդներն ամենից շատ դիմել են բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտությամբ սովորելու համար՝ 591 դիմորդ: Դիմորդների նախապատվությունը հաջորդիվ եղել է ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությունը՝ 337 դիմորդ: Երրորդ տեղում դարձյալ ԵՊՀ-ն է. իրավագիտություն մասնագիտություն նշել է 304 դիմորդ:Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Այնուհետեւ, ըստ դիմորդների հայտագրման, տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ մասնագիտության համար են դիմել. ըստ ոլորտների՝ դիմել է 245 դիմորդ: Իսկ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամենից շատ պահանջարկ ունեցող մասնագիտությունը այս տարի դարձել է սերվիս մասնագիտությունը, որի համար հայտագրվել են 245 դիմորդներ։ Այս մասին «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիս ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ պահանջված մասնագիտությունների ցուցակում առանձնապես փոփոխություններ չկան: Այս տարի զարմանալի էր միայն Բրյուսովի՝ սերվիս մասնագիտությամբ այդքան շատ դիմորդների թիվը:

«Դիմորդների թվով միշտ էլ այս հինգ մասնագիտություններն են եղել առաջատարը: Չնայած որ տարիներ շարունակ՝ ՏՏ ոլորտի դիմորդների թիվը ընդհանուր առմամբ ավելի շատ է լինում, քանի որ ՏՏ ոլորտների համար արդեն մասնագիտացումներ կան, բնականաբար, երեխաների դիմումների թիվը բաժանվում է այդ մասնագիտությունների վրա: Օրինակ՝ դիմորդների մի զգալի հատվածը դիմել է նաեւ տեղեկատվական անվտանգություն մասնագիտության համար»,- ասաց Կարո Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ միասնական քննություններ հանձնողների ընդհանուր թիվը կազմում է 11.486. ՀՀ-ում միասնական քննություններ հանձնելու է 10.957 դիմորդ, Արցախի Հանրապետությունում՝ 529 դիմորդ:

Ներբուհական քննություններ հանձնողների թիվը (արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները) 1899 է: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը՝ 854:

ԳԹԿ փոխտնօրենը նշեց նաեւ, որ դիմորդների թվով, ըստ առարկաների, առաջին տեղում մաթեմատիկան է, բացառությամբ՝ Արցախի Հանրապետության եւ Տավուշի մարզի, որտեղ գերակշռում է հայոց լեզու եւ հայ գրականություն հանձնողների թիվը: Երկրորդ տեղում անգլերենն է, երրորդը՝ հայոց լեզու եւ հայ գրականությունը:

«Այս տարի դիմորդները պարտադիր հանձնելու են երկու միասնական քննություն. նրանց տրված էր հնարավորություն՝ ընտրելու օտար լեզվի կամ հայոց լեզու առարկաների միջեւ: Դիմորդների զգալի մասը, կարելի է ասել, ընտրել է օտար լեզուն, օրինակ՝ տնտեսագիտական մասնագիտությունով, իրավաբանական բլոկում:

Մեր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ անգլերենից ավելի բարձր գնահատական են ստանում, քան հայերենից: Մասնագետներն էլ կարող են դա վկայել: Այդ իսկ պատճառով երեւի թե նրանք գնացել են դեպի հեշտ ճանապարհը: Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ»,- նշեց նա:

Հարցին, թե այս հանգամանքը չի՞ ստիպում, որ, ամեն դեպքում, վերանայվի հայոց լեզվի քննության բարդության աստիճանը, ԳԹԿ փոխտնօրենը նշեց, որ հայոց լեզուն բարդ առարկա է, բայց, չէ, դա մեր լեզուն է:

«Ծրագիրը եւ դասագիրքը կազմված են այս պահանջներով, եւ մենք թեստերը կազմում ենք՝ ըստ դասագրքի եւ ըստ ծրագրի: Տարիներ շարունակ, երբ մենք վեր էինք լուծում, տեսնում էինք, որ ստացած գնահատականները համապատասխանում են մեր վերլուծություններին, այսինքն՝ տեսնում էինք, որ այդ առարկայի քննությունները համապատասխանում էին միջազգային ստանդարտներին: Կարծում եմ՝ շատ շուտով այդ բացը կլրանա, որովհետեւ եթե հայոց լեզուն պարտադիր լինի բուհ բոլոր ընդունվողների համար, ուստի այդ բացը կլրանա, եւ հայոց լեզվի քննության համար երեխաները նորից կսկսեն լուրջ զբաղվել»,- ասաց նա:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել