Գլխավոր ԵՐԵւԱՆ «ՀԱՊԿ-ում որոշ երկրներ Ադրբեջանի հետ մոտ են». ռազմական մեկնաբանը՝ Հայաստանի դիմումի հնարավոր...

«ՀԱՊԿ-ում որոշ երկրներ Ադրբեջանի հետ մոտ են». ռազմական մեկնաբանը՝ Հայաստանի դիմումի հնարավոր արձագանքների մասին

0

Հայաստանն այսօր նախաձեռնեց ՀԱՊԿ-ին դիմելու գործընթաց՝ ադրբեջանական կողմի սադրանքներին հակազդելու համար:

Որքանո՞վ է ռեալ, որ Հայաստանի դիմումը հաշվի առնելով ՀԱՊԿ-ն միջամտի, ինչպիսի՞ն կարող է լինել այդ միջամտությունը. թեմայի շուրջ «Հայկական Ժամանակի» հարցերին է պատասխանել ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:

– Պարոն Հարությունով, ադրբեջանական կողմի սադրանքները, ձեր կարծիքով կվերածվե՞ն ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

– Այն, ինչ տեղի է ունենում, ամբողջությամբ համապատասխանում է Սյունիքի հանդեպ Ադրբեջանի նկրտումների մասին հայտարարություններին: Միանշանակ է, որ սա այդ ռազմավարության մի մասն է: Ենթադրելի է, որ այսպիսով ճնշման մեխանիզմ է կիրառվում հայկական կողմի հանդեպ: Թե դա կվերածվի՞ ավելի լայնամասշտաբ գործողության՝ այս պահին դեռ դժվար է ասել:

– Մենք այս պահին պատրա՞ստ ենք ռազմական գործողությունների:

– Դա կախված է նրանից՝ ինչ ծավալի էսկալացիա կլինի, Աստված չանի: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատերազմից հետո այդ ռազմական թուլության հետեւանքն է: Ադրբեջանում հայկական կողմը ընկալվում է որպես թույլ կողմ ու իրենք տեսնում են դաշտ նման ճնշումների համար: Այսինքն եթե Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման խնդիր չլիներ, որը օբյեկտիվորեն կա ու փաստացի շատ մեծ մասով Ռուսաստանն է իրականացնում, նման խնդիր չէր լինի:

– Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Ձեր կարծիքով կմիջամտի՞ այդ կառույցը, թե՞ ոչ:

– Նայած ինչ ենք մենք հասկանում միջամտել ասելով: Եթե բուն ռազմական միջամտության մասին է խոսքը՝ հարց է, թե կառույցի որ մասը: Այս կառույցը միատարր չէ:

– Կարո՞ղ եք ասել, որոնք են ընթացակարգերը, ի՞նչ կարող է հետեւել այս դիմումին:

– Ցանկացած ընթացակարգ միս ու արյուն է ստանում, եթե կա քաղաքական կամք: Այսինքն մենք ռազմական պատմությունիից գիտենք, որ որոշակի նկատառումներից ելնելով որոշ պայմանագրեր կարող են մասնակի կիրառվել կամ չկիրառվել ընդհանրապես: Ամենահեշտ օրինակը Կիպրոսի ճգնաժամի դեպքում ԱՄՆ դիրքորոշումն էր, երբ որ իրենք ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին միանշանակ չէին աջակցում: Այսինքն այստեղ դժվար է ասել՝ ինչքանով կա քաղաքական կամք Ռուսաստանի ու ՀԱՊԿ մյուս անդամների մոտ՝ միջամտել ու ակտիվ աջակցել: Մյուս երկրների հետ հատկապես խնդիր կա, որովհետեւ այնտեղ երկրներ կան, որոնք Ադրբեջանի հետ շատ մոտ հարաբերություններ ունեն թե՛ տնտեսական, թե ռազմական:

Եվ այնտեղ նաեւ երկրներ կան, որոնք հայտարարել են, որ աշխատելու են իրենց սահմաններից դուրս ոչ մի ակտիվության չմասնակցել: Այսինքն այն տարբերակը, որ ամբողջ կազմակերպությունը միասնական գործելու է՝ քիչ հավանական եմ համարում: Երկրորդ խնդիրը. մենք տեսնում ենք, որ ռուսական կողմն արդեն որոշակի դիվանագիտական ճնշում բանեցնում է Ադրբեջանի վրա, չի բացառվում, որ այդ ճնշումը լինի ռազմական դեմոնստրացիաների տեսքով:

Բայց պետք է հաշվի առնել, որ ռուսական կողմը նման իրավիճակներում աշխատում է չստեղծել լայնածավալ գործողությունների ռիսկեր Ադրբեջանի հետ, որովհետեւ իրենք նախ շահագրգռված են այդ երկրի հետ հարաբերություններով, երկրորդ, այնտեղ կա Թուրքիայի գործոն: Հիմա Ադրբեջանի տարածքում կա Թուրքիայի ռազմական ներկայությունը եւ դա ուղղված է այդ երկիրը պաշտպանելուն: Այսինքն պոտենցյալ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ կարող է առաջացնել ռուս-թուրքական կոնֆլիկտ, ինչը այնտեղ հաշվի են առնում:

Իրականում ռուսական դինանագիտությունը բարդ իրավիճակում է, որովհետեւ մի կողմից խնդիր ունեն զսպել թուրքական ակտիվությունը տարածաշրջանում, որը միշտ ընկալվել է իրենց ազդեցության գոտի, բայց մյուս կողմից խնդիր կա, որ դա անվերահսկելի բնույթ չկրի, եւ չդրդեն Ադրբեջանին դեպի Արեւմուտք: Կողքից Ռուսաստանի գործողությունների անհասկանալի թվալն այս գործոններով է պայմանավորված:

– Ամեն դեպքում խնդրում եմ զուտ ընթոացակարգային առումով նշել, թե ինչ է հետեւելու Հայաստանի դիմումին:

– Սկսվելու է որոշակի բանակցություններ՝ համատեղ որոշակի գործողությունների շուրջ, այդ փուլն է հիմա հայկական կողմը նախաձեռնում, բայց դա կվերածվի այլ բանի թե չէ, դա քաղաքական կամքով է պայմանավորված:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել