Շիրակի պետական համալսարանը դատական կամ մեկ այլ հարթակում կվիճարկի՞ կամ կքննարկի՞ Կառավարության մայիսի 4-ի որոշումը, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը:: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Հիշեցնենք, որ այդ որոշման համաձայն հոգաբարձուների խորհրդի կազմի անդամների նվազում է նախատեսված՝ 32-ից կամ 24-ից կդառնա 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմը կներկայացնի 5 անդամ (25%)։
«Հայկական ժամանակի» հետ զրուցում Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն ասաց, իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի, կսպասեն ՄԻՊ-ի գործողություններին:
«Քանի որ Սահմանադրական դատարան է դիմում ՄԻՊ-ը, մենք կսպասենք ՍԴ-ի որոշմանը: Եթե մենք գործում ենք օրենքի դաշտում և ուզում ենք լինել օրինապահ քաղաքացիներ, ուրեմն պետք է անենք այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի (մեր ամենաբարձր դատարանն է, որի նկատմամբ բոլորս պարտավոր ենք հարգանք դրսևորել), կենթարկվենք էդ օրենքին: Իսկ ես կառավարության որոշումը մեկնաբանել չեմ կարող, քանի որ ես չեմ ընդունել դա»,- ասաց Սերոբյանը:
Թեկուզ նեղ շրջանակում քննարկման համար համալսարանը քայլեր չի ձեռնարկել: Սերոբյանն ասաց՝ իրենք անգամ հոգաբարձուների խորհուրդ չունեն: 2020 թվականի նոյեմբերին է լուծարվել խորհուրդը: Պատճառը գիտի, պատճառի հիմքը՝ ոչ: Ասաց՝ անդամնեի թիվը նվազել էր, Հիմնադրամների մասին օրենքով ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը լուծարվել է:
Լևոն Բասեղյանը հանդիսացել է լուծարված խորհրդի նախագահը: Մեզ հետ զրույցում ասաց լուծարվել են, քանի որ ամենատարբեր պատճառներով խորհրդի անդամները հեռացել են.
«Մեկ հոգու մենք ենք կրճատել, նիստերին չէր գալիս, չէր արձագանքում: Հետո օգոստոսին Գայանե Շագոյանն էր դիմում գրել և խնդրել, որ իրեն ազատեն Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի էր համարում Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին»:
Հոգաբարձուների խորհրդի վերջակետը դրել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը: Դրան հաջորդող օրերին միանգամից 10-ից ավելի դիմում է ստացել Բարսեղյանը:
«Այդ ժամանակ 13-ից 14 մարդ դուրս եկավ ու խորհդի կեսից պակաս մարդ մնաց: Նոյեմբերի կեսին նամակ գրեցի վարչապետին ու նախարարին, ասեցի, որ 24-ից 11 մարդ է մնացել: Պատասխանեցին, որ լուծարվում է խորհուրդը»,-ասաց Բարսեղյանը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: