Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ «Ադրբեջանը զավթել է 3230 մետր բարձրությամբ Ձագաձորի գլուխ կոչվող բլուրը, ինչը թույլ...

«Ադրբեջանը զավթել է 3230 մետր բարձրությամբ Ձագաձորի գլուխ կոչվող բլուրը, ինչը թույլ է տալիս գրեթե ամբողջովին դիտարկել Վերիշեն, Ակներ համայնքները և Գորիս քաղաքի մի մասը». Տարոն Հովհաննիսյան

0

«ՌԴ-ն այս պահին փորձում է խուսափել իրավիճակի ցանկացած լարումից»,- «Մեդիա կենտրոնում» «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ՝ այս պահին Ռուսաստանի համար գերխնդիրը ստեղծված թեկուզ փխրուն կայունության, ձևավորված որոշակի ստատուս քվոյի պահպանումն է: Նա մանրամասնեց. «Ցանկացած խախտում կարող է բերել ավելի մեծ էսկալյացիայի, որտեղ ՌԴ-ն չի կարող չեզոք միջնորդի կարգավիճակով ներգրավվել՝ հաշվի առնելով իր պարտավորությունները և շահերը: Իրենք ցանկություն չունեն նման իրավիճակում հայտնվել այս ժամանակահատվածում»: Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ռուսաստանի գործիքակազմը Ադրբեջանի վրա ազդելու շատ ավելի թույլ է՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի գործոնը:

Նա պարզաբանեց. «Այսինքն՝ իրենք այս պահին նվազագույն գործիքակազմն ունեն Ադրբեջանին կոպիտ կերպով ստիպելու ինչ-որ բան անել-չանել, բայց ավելի շատ գործիքակազմ ունեն ՀՀ-ի հետ հարաբերություններում: Ուստի իրենք ավելի գերադասում են իրենց պատկերացմամբ կայունության տեսանկյունից կտրուկ քայլեր չկատարել»: Անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ ՀՀ տարածք ներթափանցմանը՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց. «Խոսքը միայն Սև լճի մասին չէ: Սև լճի տարածքից դեպի հարավ արևելք և հարավ արևմուտք ընկած տարածքներում Ադրբեջանը զավթել է բլուրներ, որոնց խորությունը ՀՀ տարածքում կազմում է երկուսուկեսից մինչև երեք կիլոմետր: Խոսքը մի քանի բլուրների մասին է և ցածր բլուրների մասին չէ, այլ Ձագաձորի գլուխ կոչվող բլուրն է, որը տվյալ հատվածում մեծ ու փոքր Իշխանասարերից հետո երրորդ բլուրն է բարձրությամբ՝ 3230 մետր բարձրությամբ: Այդ բարձրության բլուրը թույլ է տալիս գրեթե ամբողջովին դիտարկել Վերիշեն, Ակներ համայնքները և Գորիս քաղաքի մի մասը: Այսինքն՝ ադրբեջանական զորքերը խորացել են Սև լճից բացի ևս մի քանի ուղղություններով և բավականին կարևոր տարածքներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/19/1192031/

Մանրամասները`Aravot.am-ի  տեսանյութում:

Մեկնաբանել