
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին օրերին Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների, Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանցի զինծառայողների ներխուժման մասին հայտարարությամբ է հանդես եկել։
Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս օրերին բոլորիս ուշադրությունը հասկանալիորեն սեւեռված է մեր սահմաններին. ադրբեջանական զինուժը Սյունիքում եւ Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը եւ արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում:
Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարեւոր է պետության եւ պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտանգության ապահովման հարցերում:
Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը եւ ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների եւ սահմանային խախտումների:
Ոչ պակաս կարեւոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության եւ դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրատեսական եւ նպատակային օրակարգի հիման վրա: Պետք է գործարկել թե՛ ավանդական եւ թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել Սփյուռքը եւ օգտագործել բոլոր ռեսուրսները:
Ստեղծված իրավիճակը եւ մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի եւ ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար:
Հասարակությունը պետք է ժամանակին եւ ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Միայն այդ դեպքում կարող ենք լուծել անվտանգային, տնտեսական, ներքաղաքական եւ մյուս բոլոր խնդիրները: Պետք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման՝ Հայրենիքի սահմանը:
Որպես պետություն եւ ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական եւ համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում: Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական եւ համախմբված Հայաստանը»: