ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բլինկենի խոսքով, հանդիպումը նպատակ ուներ «փորձարկելու Մոսկվայի հետ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների առաջարկը»:
Reuters-ը գրում է, որ Ռեյկյավիկում, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում սրվող լարվածության ֆոնին:
Ելույթ ունենալով բանակցություններին ընդառաջ մամուլի ճեպազրույցում՝ Բլինկենը և Լավրովն ընդգծել են, որ չնայած ԱՄՆ-ը և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն, նրանք պետք է միասին աշխատեն որոշ հարցերի շուրջ:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի և նրա ռուս գործընկերոջ բարձր մակարդակի առաջին բանակցությունները տևել են 1 ժամ 45 րոպե՝ սպասվածից ավելի երկար:
Խիտ ու հագեցած օրակարգի քննարկման ընթավքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական իրավիճակին: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու հնարավորությունը: Այս հարցի շուրջ քննարկման մանրամասներ չեն հաղորդվում:
Պետքարտուղարը և Արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են շարունակել քննարկումները առաջիկայում:




