Ինչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջանական զինծառայողները անցնեն սահմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նախ ասեմ, որ պատերազմից հետո մեր սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը ձյան տակ է եւ որտեղ որեւէ ինժեներական աշխատանք։ իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի իրավիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից: Այստեղ ուրիշ խնդիր կա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք: Որովհետեւ, այո, մեր գնահատմամբ ադրբեջանական զորքերի շարը ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք եւ դիվանագիտական աշխատանք իրականացնենք սա արձանագրելու համար»,-ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչու էՀայաստանն առանց զինված դիմադրությունց ույց տալու դիմել է ՀԱՊԿ-ին: Նա ասաց. «Բոլոր այն մարդիկ, որոնք գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել եւ մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու, էսկալացիան դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները, մեծ հավանականությամբ կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք որոշ սցենարի դեպքում ավելի լայնամասշտաբ պատերազմի:
Այս առումով շատ կարեւոր է հասկանալ, թե որն էր ադրբեջանական կողմի նպատակը: Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր եւ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք նրա վրա, որ այդ գործողությունը առնվազն Սյունիքի հատվածում իրականացվում է Սյունիքի մարզի եւ ՀՀ տարածքի ամենանեղ հատվածով, որը մոտ 26 կմ լայնություն ունի: Եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադրություններ զարգանալ, որը հետո շատ մեծ խնդիրների առջեւ կարող էր կանգնեցնել:
Մենք որոշել ենք, որ հարցը պետք է լուծենք մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, ես սա համարում եմ ճիշտ, որն այս պահի դրությամբ արդարացնում է իրեն՝ թեեւ դեռ չենք կարող ասել, որ այդ ճանապարհով հասել ենք մեր նպատակին:
ՀՀ ներքին պրոցեսները դիտարկելով, չի կարելի բացառել, որ այս գործողության նպատակը ՀՀ ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է, եւ գուցե նաեւ ՀՀ-ում գործող պրոպագանդիստական, գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:




