6 եւ ավելի երեխա ունեցող ծնողներին կտրամադրվի ամսական 100 հազար դրամ պատվովճար: Պատվովճարը ծնողները կստանան ամբողջ կյանքի ընթացքում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նոր ներկայացրած նախագծով այն տարածվելու է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց վրա։ Այ սմասին հայտնում է`armtimes.com-ը:
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ «Ծնողական փառքի» մեդալը շնորհվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ծնողներին, որդեգրողներին, որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ:
«2014 թվականից է առաջարկվել, որպեսզի 6 եւ ավելի երեխա լույս աշխարհ բերած ծնողները պարգեւատրվեն «Ծնողական փառք» մեդալով: 2014 թվականին եղել են պարգեւատրումներ, սակայն 2019 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ 9 բազմազավակ ընտանիքների ծնողների պարգեւատրման ժամանակ առաջարկ եղավ այդ ծնողներին նաեւ ամենամսյա պատվովճար տալ, որը մինչ այդ չէր գործում: Եվ ըստ այդմ՝ օրենքում փոփոխություն իրականացվեց. դրույթ ավելացվեց, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված բազմազավակ ծնողները պետք է նաեւ ամենամսյա ցմահ պատվովճար ստանան: Հիմա հստակեցվել է գումարի չափը՝ ամսական 100 հազար դրամ: Եվ հուսով ենք, որ հաջորդ ամիս Կառավարության կողմից նախագիծը կընդունվի, որը հիմք կստեղծի արդեն վճարումներ իրականացնելու համար: Հուսանք, որ հուլիս ամսից գումարները կսկսեն վճարվել «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված մեր բազմազավակ 9 ծնողներին»,- ասաց նա, ապա հավելեց, որ նախորդ տարի «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրում չի եղել՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, որը, նրա կարծիքով կլինի այս տարի կլինի, ովքեր եւս պատվովճարներ կստանան:
Արտակ Մարկոսյանը նշում է նաեւ, որ 2019 թվականին պարգեւատրվածները ամենաշատ երեխաներ ունեցող ծնողներն են.
«ՀՀ-ում Մելքոնյան Մարտիկը ամենաբազմազավ երեխայի հայրն է՝ ունի 15 երեխա, ամենաքիչ երեխա ունեցողն էլ ունի 8 երեխա»:
Նշենք, որ այսօր 6 եւ ավելի երեխա ունի մոտ 1200 ընտանիք:
Ժողովրդագրագետի խոսքով՝ բազմազավակ ծնողներին պարգևատրելուց հետո, մյուսների մոտ էլ շատ երեխաներ ունենալու ցանկությունը կսկսի աճել:
«Սա շարունական բնույթ պետք է կրի, եւ ասեմ՝ պետությունը սրանով ոչ թե շնորհակալություն է հայտնում, այլ արժեւորում է, որովհետեւ բազմազավ ընտանքիների թվի ավելացմամբ մենք ե՛ւ լուծում ենք մեր ժողովրդագրագրական խնդիրները, ե՛ւ նաեւ մեր ապագայի համար լավ հիմքեր ենք ստեղծում»,- ասաց նա:
Արտակ Մանուկյանի խոսքով՝ դեռեւս 2019 թվականին քննարկվում էր ամսական 40 հազար դրամ հատկացնելը, որը, սակայն, վերջին քննարկումով որոշվեց դարձնել 100 հազար դրամ:
«Մենք իսկապես պետք է արժևորենք մեր այն բազմազավակ ծնողներին, որոնք չնայած բոլոր դժվարություններին ունենում են երեխաներ, դաստիարակում են նրանց, հասարակության համար պիտանի մարդ են դարձնում: Նորից եմ ասում՝ դա ոչ թե փոխհատուցում է, այլ պետությունը արժեւորում է այդ ծնողների քայլը, որ չնայած բոլոր խնդիրներին, գիտակցաբար գնում են այդ քայլին: Մեզ համար այսօր, իսկապես, շատ կարեւոր է բազմազավակ ընտանիքների ավելացումը»,- նշեց նա:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




