Գլխավոր Տնտեսություն Բիզնես Տնտեսության զարգացումը՝ կրթության եւ գիտության զարգացման միջոցով. ինչ սպասել առաջիկայում

Տնտեսության զարգացումը՝ կրթության եւ գիտության զարգացման միջոցով. ինչ սպասել առաջիկայում

0

Մայիսի 15-ին եւ 16-ին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները եւ մի շարք պետական գերատեսչությունների ղեկավարներ Դիլիջանում քննարկել են տնտեսության եւ գիտության զարգացման ուղիները:

Իսկ ավելի կոնրետ տեղի է ունեցել՝ «Հայաստանը որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» խորագիրը կրող ֆորումը, որին մասնակցում էին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամները եւ այլ շահագրգիռ անձինք:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ:

– Պարո՛ն Քասսարջյան, «Հայաստանը որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» ֆորումից հետո  կոնկրետ զարգացումների պե՞տք է սպասել: 

– Այո, իհարկե: Հաշվի առնելով երկրում տիրող վիճակը, մենք շատ կարճ ժամանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ որոշեցինք կազմակերպել այս ֆորումը, որ կարողանանք հնարավորինս շուտ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Հատկապես՝ գիտության եւ կրթության համակարգում այնպիսի բարեփոխումներ պիտի իրականացնենք, որ կարողանանք ավելի արագ արձագանքել մարտահրավերներին:

Եթե մտածում ենք, թե ինչպես ենք երկրի ապագան ապահովելու՝ պետք է նախ եւ առաջ ունենանք հզոր պետություն, հզոր տնտեսություն, որը մեզ կտանի դեպի հզոր անվտանգություն եւ պաշտպանություն: Հատկապես հզոր տնտեսություն ապահովելու համար մենք պետք է նախ եւ առաջ վերականգնենք այն գիտական ուժը, որը տասնյակ տարիներ ստեղծել էինք Խորհրդային Միության ժամանակ, բայց որը, ցավոք, վերջին 30 տարիներին անկման մեջ է գտնվել: Կարծում ենք, դա անելու համար ոչ միայն զուտ ֆինանսական ռեսուրսներ են պետք, չնայած որ ֆինանսական աջակցությունը շատ կարեւոր է, բայց նաեւ պետք է ապահովենք այնպիսի կադրեր, որ կարողանանք սերնդափոխությունն ապահովել գիտական աշխարհում: Դրա համար պետք են նաեւ կրթական համակարգում բարեփոխումներ: Այսինքն՝ գիտությունն ու կրթությունը պետք է դիտարկենք առանձին միավորներ, բայց դրանք իրար հետ կապված են, եւ ուզում ենք, որ ե՛ւ կրթական, ե՛ւ գիտական համակարգում բարեփոխումներ արվեն:

– Էկոնոմիկայի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները ի՞նչ քայլեր են պատրաստվում անել ոլորտի զարգացման համար:

– Հայկ Չոբանյանը բավական սուր խնդիր դրեց: Նա ասաց, որ իր ամբողջ աշխատակազմը պետք է արդեն այսօրվանից սկսի աշխատել, որպեսզի իրականացնի այն քայլերը, որոնք առաջարկվել են ֆորումի ժամանակ:

Վահան Քերոբյանը համարում է, որ մեր տնտեսության շարժիչ մասը բարձր տեխնոլոգիաներն են: Նրան ոչ միայն բուն ՏՏ ոլորտի ընկերություններն են հետաքրքրում, այլեւ այն արտադրանքը, որը կարող է նպաստել տնտեսության հարակից ճյուղերի զարգացմանը:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք պետական գերատեսչություններից:

– Կառավարությունը նախորդ շաբաթ հայտարարեց գիտության ոլորտի բազային աշխատավարձերի բարձրացման սխեմայի մասին, 4 տարվա ընթացքում շուրջ 4 անգամ կբարձրանա: Դա մենք համարում ենք կարեւոր քայլ, բայց նաեւ ակնկալում ենք, որ պետությունն ակտիվորեն պահանջներ կդնի, որ մեր գիտական ինստիտուտները կարողանան աշխատել գիտական ծրագրերի վրա: Դա կնպաստի ոչ միայն անվտանգությանը, այլեւ պետության զարգացման ուղի կապահովի: Այսինքն՝ առաջին հերթին պետք է գիտական ոլորտն ակտիվացվի ֆինանսական առումով եւ ուշադրություն դարձնելով:

Երկրորդը՝ մենք երկար տարիներ խոսել ենք հանրակրթական համակարգի բարելավման մասին եւ տեսանք, որ կան կոնկրետ հաջողություններ, որի մեջ է մտնում նաեւ ԱՏՁՄ-ի «Արմաթ» լաբորատորիաների ընդլայնումը: Բայց նաեւ Ժաննա Անդրեասյանը խոսեց նոր ծրագրերի մասին, որի մեջ է մտնում մասնագիտական կողմնորոշման ավելի ակտիվ գործառնությունները դպրոցներում: Ավագ դպրոցներում ավելի ճկուն կրթական համակարգ կլինի, այսինքն յուրաքանչյուր աշակերտ իր ընտրած մասնագիտությունից ելնելով՝ ինքը կորոշի, թե ինչ առարկաների վրա շեշտը դրվի վերջին տարիների համար:

Երրորդը՝ «Արմաթ»-ից բացի, այլ լաբորատորիաներ եւս պետք է ժամանակակից դարձնել՝ ֆիզիկայի, քիմիայի: Մի խոսքով՝ բնագիտական ուղղությամբ առարկաները պետք է հզորացնել, ճկուն դարձնել:

Բացի այդ՝ միջին մասնագիտական համակարգը պետք է ավելի ճիշտ աշխատեցնել: Ինչպես նաեւ բուհական համակարգի եւ ոլորտի աշխատանքը պետք է կոորդինացված եւ համատեղ արվի:

– Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում են բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները, Հայաստանի տնտեսությունում այդ ուղղությունն առաջնային դարձնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, այսինքն զարգանա եւ մեծ ծավալով արտահանելի դառնա:

– Ես դա պարտադիր եմ համարում: Մենք ինչո՞ւ ենք գիտության վրա այդքան շեշտը դնում. եթե շատ նեղ եւ կարճաժամկետ մտածենք, մեզ համար լավ կլինի, որ մագիստրատուրա եւ ասպիրանտուրա ավարտած լավագույն ուսանողներին անմիջապես ներգրավենք մասնավոր սեկտոր: Բայց երբ այդպես կարճաժամկետ ենք նայում, կարծես ապագայից վարկ վերցնենք ներկայի պահանջները բավարարելու համար: Իսկ եթե աշխատենք թե՛ կրթական համակարգի, թե՛ գիտական ինստիտուտների հետ, որ մեր ուսանողները ներգրավված լինեն գիտական աշխատանքներում, կունենանք ավելի հզոր գիտական բազա եւ կոնկրետ ձեռքբերումներ:

Եթե մենք ուզում ենք դառնալ առաջատար տեխնոլոգիական ուղղություններից մեկը, պետք է ավելի շատ գիտության վրա հիմնված ոլորտ ունենանք: Կարծում եմ, դա անելով մենք էլ այս ոլորտում միլիարդատերեր կունենանք:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել