Գեղհովիտ համայնքի Ա․Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմներում զոհված գեղհովիտցիների հիշատակն ամփոփող հուշարձան-պուրակ:Հուշարձանն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին:
Այսօր բոլորիս համար հուզումնալից օր է, քանի որ մենք մեր խոնարհումն ենք բերում այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար նահատակվեցին՝ գնալով գիտակցված մահվան։ Այս հուշակոթողն այլեւս մեզ շատ բան է պարտավորեցնում։ Այո՛, մենք մեր հերոսների առաջ ունենք ծաղկուն հայրենիք եւ հզոր պետություն կերտելու պատրավորություն։ Նրանք զոհվեցին, որ կանգուն ու ամուր մնա մեր երկիրը, որ շարունակվի խաղաղ ու ստեղծարար կյանքը։
Մեր անմահ հերոսների սիրելի ծնողներ, խնդրանքս է, որ դուք երբեք չընկճվեք, հպարտ մնացեք, քանի որ որ այդպիսի հայրենասեր ու քաջարի զավակներ եք ծնել, սնել ու դաստիարակել։ Նույն հպարտությունը պետք է զգան այս դպրոցի ոսուցիչները, որոնց սերմանած հայրենասիրական գաղափարները շունչ են առել մեր հերոսների անմահ սխրանքներում։ Մեր քաջարի հերոսները դեռ շատ սերունդների կոգեշնչեն իրենց անուններով։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտահղացել ու կերտել են այս հուշարձան-պուրակը՝ մեր հերոսների հավերժության խորհուրդը։ Շնորհակալ ենք նաեւ Արցախյան պատերազմի այն հերոսներին, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի եւ հպարտորեն ապրում են մեր կողքին։ Մենք այլ տարբերակ չունենք, քան ապրելու եւ արարելու, շենանալու եւ հզորանալու ձգտումն է։Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտները։
Միջոցառման ավարտին Գեղհովիտի գյուղապետարանի կողմից հուշանվերներ հանձնվեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Գեղհովիտի համայնքապետարանի եւ թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության շնորհակալագրերով պարգեւատրվեցին հուշարձան-պուրակի ստեղծման մեջ ավանդ ներդրած քաղաքացիները:



