Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ կառույցին անդամակցության հնարավորությանը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ն իր դռները բաց է պահում ցանկացողների համար, այդ թվում՝ Ադրբեջանի, սակայն կան հանգամանքներ, որոնք հակասում են կանոնադրության կետերին ու հնարավոր չի դառնում անդամակցությունը:
Ռուդենկոն մանրամասնելով նշել է, որ որոշ կետերով ենթադրվում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան: ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, ըստ ԱԳ նախարարի տեղակալի, կարող է քննարկման առարկա դառնալ, երբ Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն:
«Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա», – ասել է Ռուդենկոն:
Հիշեցնենք, ՀԱՊԿ-ը միջազգային կազմակերպություն է, որի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։




