Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Սպորտլանդիա՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի հիշատակին

Սպորտլանդիա՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի հիշատակին

0
Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցում կազմակերպվել էր սպորտլանդիա՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի հիշատակին:
Ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, Վահե Մելիքսեթյանի ծնողներն ու քույրը: Սպորտլանդիայի անցկացումը նախաձեռնել էր թիվ 28 հիմնական դպրոցի ծնող Ակսել Հակոբյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի և դպրոցի գործուն աջակցությամբ:
Միջոցառման առիթով ելույթի խոսքով հանդես եկավ Գոռ Ասրյանը.
-Նման մրցաշարերի անցկացումը շատ կարևոր է մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը խթանելու և ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար,- ասաց նա:
-Լոռու մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցել մատաղ սերնդին համախմբող, մարզական կամքը կոփող, թիմային ոգին բարձրացնող նման միջոցառումների անցկացմանը,- նշեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Տնօրենի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վահե Մելիքսեթյանի և Արցախյան վերջին պատերազմի բոլոր զոհերի հիշատակը:
Սպորտլանդիան մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Վեց մրցաձևից բաղկացած մրցմանը մասնակցում էր դպրոցի 4 թիմ: Ծավալվեց համառ պայքար: Առաջին և երկրորդ տեղերն զբաղեցրած թիմերը՝ «Մենուան» ու «Մոնթեն» հավաքեցին հավասար՝ 19-ական միավոր: «Մենուան» հաղթողը ճանաչվեց լրացուցիչ գործակցով: Երրորդ ու չորրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար «Արամեն» ու «Նժդեհը»:
Միջոցառման ավարտին սպորտլանդիայի կազմակերպիչներին իր երախտիքի խոսքը ուղղեց Վահե Մելիքսեթյանի մայրը՝ Ռիմա Դարբինյանը՝ որդու հիշատակը վառ պահելու համար:

Մեկնաբանել