Այսօր աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ իրավիճակ է սահմանում, արդյոք բանակցություններ անցկացվո՞ւմ են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից դուրս հանելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է`aravot.am-ը:
Սուրեն Պապիկյանն ասաց․ «Հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները։ Շատ տեղերում էլ իրավիճակն այլ է, ուղղակի մեր հասարակությունն անընդհատ ստիպում է, որ մենք խոսենք նաև մեր դիրքերի մասին։ Ես ուղղակի հորդորում եմ ձեզ՝ չանդրադառնանք դրան, անդրադառնանք, թե ինչ է կատարվում։ Այո՛, հիմա փորձում ենք բանակցային ճանապարհով, հնարավորինս հանդարտ՝ առանց որևէ սրացման խնդիրը լուծել։ Հիմա դրան ներգրավված են մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները։ Այսինքն՝ դիվանագիտական խողովակով հարցին պիտի լուծում տրվի։ Սա է մեր մոտեցումը հարցին»։ Լրագրողներից մեկի այն հարցին էլ , թե կա՞ արդյոք պայման Ադրբեջանի կողմից, թե չենք հեռանա Հայաստանի սահմաններից մինչև փաստաթուղթը չստորագրվի, համաձայն որի Տավուշի մարզի 5 գյուղեր ու Արարատի մարզից մեկ գյուղ պիտի հանձնենք թշնամուն, վարչապետ Փաշինյանն էլ Ազգային ժողովի ամբիոնից խոսեց այդ մասին, նախարարն ասաց․
«Այս պահին որևէ պայման առկա չէ, նախ վարչապետը չի ասել՝ եթե չստորագրենք, չեն հեռանա»։ Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետի խոսքը մոտավորապես այդպես էր, Սուրեն Պապիկյանը հակադարձեց․ «Մոտավորապեսը, իրականությունն ու ակնարկը տարբեր բաներ են։
Այս մասին՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/25/1193411/




