Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ փոխհատուցում պահանջելով Սոթքում բիզնեսը չպաշտպանելու համար

Ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ փոխհատուցում պահանջելով Սոթքում բիզնեսը չպաշտպանելու համար

0

Հողմային էլեկտրակայանով էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանն ու վարչական դատարանում պահանջում է կրած վնասների փոխհատուցում հինգ միլիոն դոլարի չափով։ Ընկերությունը Գեղարքունիքի մարզի Սոթքում ուներ հողմային էլեկտրակայաններ, որոնք 2020 թ. նոյեմբերին՝ հրադադարի հայտարարությունից հետո, անցել են Ադրբեջանին՝ թեև ընկերության գույքը գտնվում էր Հայաստանի տարածքում, և դա վկայող որոշումներ ու փաստաթղթեր կան։ Այս մասին հայտնում է`aravot.am-ը:

Ինչպե՞ս ադրբեջանցիները հասան Սոթքի հողմակներին «Զոդ ուինդը» Սոթքում 2018 թ. մայիսին ստացել էր էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա, իսկ մինչ այդ էլ Գեղարքունիքի Գեղամասար համայնքի հետ կնքել էր հողամասերի վարձակալության պայմանագիր (Գեղամասարը խոշորացված համայնք է, ու Սոթքը մտնում է այդ համայնքի մեջ), փոփոխել էր հողերի կատեգորիան՝ դարձնելով էներգետիկ արտադրության: Ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմակերպում էր երկու հողմակներով ու ենթակայաններով։ «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ընկերության համասեփականատեր Արթուր Հարությունյանը պատմեց, որ 2020 թ. նոյեմբերի 25-ին հակառակորդը մեծ թվով զինվորների ներկայությամբ մոտեցել է «Զոդ ուինդից» մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող դարպասներին, ապամոնտաժել դրանք, առաջացել ու հայտարարել, որ տարածքն ադրբեջանական է։
«Երկու հողմակայան կար իրենց ենթակայանով, ու դրան գումարած՝ ճանապարհները, դրանք բոլորն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։ Մեր զինուժը չկար, չէին վերահսկում, եթե վերահսկեին, այդպես չէր լինի։ Պաշտպանության նախարարությունը, իմ տեղեկություններով, ասել էր, որ չի կարող այդ տարածքը վերահսկել, ուրիշ տեղ էլի խնդիրներ կան։ 5-6 հոգի զինվոր է եղել մեր կողմից, նրանք 300 հոգով եկել, մտել են ու ոչինչ չէինք կարող անել։ Իրենք եկել-մտել են մեր տարածք, որտեղ որ մեր շենք-շինություններն են, մեր հողմակներն են, որտեղ միլիոնավոր դոլարների ներդրում էինք արել։ Հիմա մեր շենքերը դարձել են կազարմա»,- ասում է Հարությունյանը։ Ռուսական խաղաղապահ ուժերի հետ բանակցություններ «Զոդ ուինդը» չի փորձել վարել։ Դեպքից հետո մի քանի անգամ դիմել են կառավարություն, սակայն՝ ապարդյուն․ իրենց կորսված բիզնեսի մասին դիմումներին կառավարությունից չեն պատասխանել։ Հինգ միլիոն դոլարի փոխհատուցման չափը Հարությունյանը հիմնավորում է մինչ այս պահը ենթակառուցվածքների վրա կատարված ներդրումներով, նաև՝ կորսված շահույթի փաստով, որը, ըստ նրա, կազմում է մոտ 2 միլիոն դոլար։

«Լիցենզիա ունեինք, դա կորսվել է, դրա համար էլ փոխհատուցում պիտի լինի։ Մենք 30 միլիոն դոլարի ներդրում անելու ծրագիր ունեինք, մինչև 23 ուսումնասիրված տարածք ունեինք, որ հավանել էինք, հողմակներ պետք է տեղադրեինք, դեռ երկուսն էինք արել, պիտի շարունակեինք, բայց չեղավ։ Պետություն ունենք, պետությունը պարտավոր է մեր անվտանգությունը ապահովի, մեր բիզնեսի անվտանգությունը ապահովի»,- նշում է ձեռնարկատերը։ Հարությունյանի խոսքով՝ իրենք ունեն սեփականության վկայականներ, համայնքային ու կառավարության որոշումներ, ըստ որոնց՝ իրենց տրամադրվել են համապատասխան հողամասերը, հետևաբար՝ պետության պարտավորությունն է պաշտպանել և՛ բիզնեսի անվտանգ գործունեությունը, և՛ ՀՀ տարածքը։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել