Գլխավոր ԵՐԵւԱՆ Շուրջ 3000 անձ դիմել է Անձնագրային վարչություն՝ «պատգամավորի տեղեկանք» ստանալու համար. հարցազրույց...

Շուրջ 3000 անձ դիմել է Անձնագրային վարչություն՝ «պատգամավորի տեղեկանք» ստանալու համար. հարցազրույց Արա Մկրտչյանի հետ

0

Նախորդ ուրբաթ օրվա դրությամբ 1600 անձ դիմել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ պատգամավորության թեկնածու լինելու համար անհրաժեշտ տեղեկանք ստանալու համար: Մինչեւ այսօր ժամը 18:00-ն, երբ ավարտվելու է կուսակցությունների կողմից ԿԸՀ ցուցակների ներկայացման ժամկետը, նախնական կանխատեսմամբ 3000 անձ արդեն դիմած կլինի այդպիսի տեղեկանք ստնալու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Արա Մկրտչյանը:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրացուցակների մաքրման, անձնագրայինում մեծ հերթերի, ընտրողների թվի մեծացման, 2020-ին ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թվի մասին մեր զրույցը ոստիկանության գնդապետի հետ՝ ստորեւ.

– Պարոն Մկրտչյան, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են սպասվում մեր երկրում։ Գաղտնիք չէ, որ լավ ընտրություններ անցկացնելու ամենակարեւոր նախապայմաններից մեկը ընտրացուցակներն են։ Ի՞նչ հանձնարարություն ունի Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ոստիկանապետից, ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ ցուցակները մաքրելու համար։

– Համամիտ եմ՝ լավ ընտրություններ անցկացնելու հիմնական գրավականներից մեկը լավ ընտրական ցուցակներն են։ Ոստիկանապետի կողմից առաջին հերթին հանձնարարական է տրված՝ գործելու օրենքի սահմաններում, լիարժեք իրականացնելու այն ամբողջ գործիքակազմը, որն անհրաժեշտ է ցուցակները կազմելու համար: Այդ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով մենք օգտագործում ենք ոչ միայն Ոստիկանության, այլ նաեւ պետական մյուս մարմինների ռեսուրսները: Մասնավորապես, բացի թղթային, էլեկտրոնային եւ փոստային տեղեկատվությունից, որը մենք պաշտոնապես ստանում ենք ցուցակների հետ կապված,  ոստիկանությունը նաեւ իր ունեցած ռեսուրսների շնորհիվ ստուգում է ընտրողների հաշվառումները եւ իրականացնում է այցեր փաստացի բնակության վայրեր, համապատասխանեցնում ցուցակները իրական պատկերի հետ։

Այս հսկայածավալ աշխատանքը, որ ներկայումս կատարվում է ընտրացուցակները մաքրելու համար, չի կարող բացառել որոշակի թերացումներ: Ուստի, նախնական ցուցակները հրապարակելուց հետո մենք ակնկալելու ենք բոլորից՝ հասարակությունից, լրագրողներից ներկայացնել բացթողումների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հիմնական ցուցակները հրապարակելիս բոլոր թերությունները վերացված լինեն։

– Ես ճի՞շտ հասկացա, որ ոստիկանները տուն առ տուն, հասցե առ հասցե ստուգումներ են իրականացնում։ Եթե այդպես է, ապա կարո՞ղ եք նշել, թե այս ընթացքում քանի անուն է դուրս եկել ցուցակից այդ այցերի շնորհիվ:

– Ճիշտ հասկացաք, այցեր կատարվում են բնակարաններ եւ մարդկանց բնակության վայրեր՝ ցուցակների իսկությունը ճշտելու համար, սակայն կոնկրետ անհամապատասխանությունների քանակ ես այս պահին նշել չեմ կարող, որովհետեւ դա ամփոփված չի, նման հաշվառում մենք չենք տանում: Նշեմ սակայն, որ անհամապատասխանություններ լինում են մշտապես, ինչը բնական է, քանի որ կյանքը առաջ է գնում եւ յուրաքանչյուր ընտրությունից հետո փոփոխություններ են լինում մարդկանց հաշվառման, բնակության վայրերի տվյալներում: Բացի այդ, ցավոք մարդիկ մահանում են: Կամ 18 տարին լրանալու կապակցությամբ նոր անձինք են ստանում ընտրելու իրավունք: Այս պրոցեսը անընդհատ է եւ դրա համար պետք է մշտապես աշխատել, ճշգրտումներ կատարել։

– Տարիներ առաջ «մեռած հոգիներ» կոչված երեւույթը ընտրացուցակներում օրինաչափություն էր համարվում։ Վերջին տարիներին բավական առաջընթաց կար այդ առումով, բայց կարծեք թե չէր հաջողվում ունենալ իդեալական ցուցակներ։ Երբ որ 2020-ին հանրաքվեի էինք պատրաստվում, որը հետո չեղարկվեց, անձնագրային եւ վիզաների վարչությունից ասում ին, որ թաղման բյուրոների հետ են այդ կապակցությամբ աշխատում։ Հիմա ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։

– Նախկին տարիներին ձեր նշած այդ երեւույթի հետ կապված ես մանրամասներ չեմ կարող ասել, սակայն ներկայումս աշխատանքներ իրականացվում են, որ այդ անհամապատասխանությունները լինեն հնարավորինս քիչ։ Ձեր առաջին հարցի պատասխանում ես արդեն նշեցի, որ մենք համագործակցում ենք ոչ միայն ոստիկանության մյուս ստորաբաժանումների, այլեւ մյուս պետական կառույցների հետ, դրանցից մեկն էլ ձեր նշած գերատեսչությունն է, որի հետ անմիջական եւ ուղիղ համագործակցության մեջ ենք գտնվում, նրանցից ստանում ենք մահացած անձանց տվյալները եւ ցուցակները մաքրում դրանցից։

Ես պետք է նշեմ, որ այստեղ մենք ունենք մեկ լուրջ խոչընդոտ, որը հիմնական պատճառն է հանդիսանում, որ մահացած մարդու տվյալը մնում է ընտրացուցակում։ Մեր հայրենակիցներից շատերը մահանում են ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս եւ նրանց հարազատները մահվան իրավական հիմքերը չեն ներկայացնում ՀՀ որեւէ իրավասու պետական գերատեսչություն: Այսինքն մենք այդ տեղեկատվությունը չենք ստանում եւ տեղյակ չենք լինում, որ այս կամ այն ընտրողը ՀՀ սահմաններից դուրս մահացել է, որպեսզի նրան դուրս բերենք ընտրական ցուցակից։ Սա իրականում խնդիր է, որը հնարավորնս պարզում ենք այդ անձնական այցերի ժամանակ, սակայն լինում են նաեւ դեպքեր, որոնք դժվար է լինում պարզելը:

– Իսկ եթե անձը չի մահացել, բայց տասնամյակներով Հայաստանում չէ, որեւէ մեխանիզմ կա՞ նրա անունը ցուցակից հանելու:

– ՀՀ-ից ելքի ժամանակ որեւէ ընտրողի տվյալ ընտրացուցակից դուրս չի հանվում, նման սահմանափակում չկա օրենքով, բոլոր ընտրողները ներառված են ցուցակում։

– Կապ չունի՞ քանի տարի չի եկել Հայաստան։

– Այո, այո, գործող օրենսդրությամբ նման լիազորություն չկա՝ անկախ նրանից, թե քանի տարի չի եկել Հայաստան:

– Պարոն գնդապետ, սովորաբար ընտրական խնդիրներից մեկն էլ առաջանում էր մի բնակարանում կամ տանը մի քանի տասնյակ մարդկանց գրանցման պատճառով։ Սա միշտ խնդիր է եղել, ինչ-որ լուծում գտնվե՞լ է այս խնդրին։

– Հարցը բաժանենք երկու մասի․ կան հասցեներ, որտեղ մեկ հասցեի անվան տակ փաստացի բազմաթիվ շինություններ են կամ սեփական տներ, այսինքն հասցեն մեկն է եւ 10 տուն, իրար հարազատ կամ ոչ հարազատ մարդիկ գրանցված են այդ տներում եւ ստացվում է, որ մեկ հասցեում մենք ունենք մի քանի տասնյակ հաշվառումներ։ Բայց դա չի նշանակում, որ դա մի բնակարան է կամ մեկ տուն։

– Դա օրինակա՞ն է, երբ մի հասցեի տակ 10 տուն է։

– Այո, օրինական կերպով որոշակի տների խմբաքանակի տրված է մեկ հասցե։

Եվ հարցի երկրորդ կողմը, որ կան բնակարաններ կամ տներ, որոնցում հաշվառված մարդկանց քանակը բավականին շատ է․ասեմ, որ օրենսդրական կարգավորումներով որեւէ արգելք չկա սեփականատիրոջ կողմից իր հասցեում անձանց հաշվառում իրականացնելու: Անձնագրային եւ վիզաների վարչությունը դիմում ստանալուց հետո իրավունք չունի մերժել սեփականատիրոջը՝ պատճառաբանությամբ, որ գիտեք ինչ, այս կամ այն անձը, ում համար դուք դիմել եք հաշվառման, չի կարող հաշվառվել, քանի որ շատ մարդիկ են հաշվառված ձեր տանը։ Օրենսդրական նման արգելք չկա եւ մենք պարտավոր ենք յուրաքանչյուր նման դիմումի պատասխան տալ եւ հաշվառել։ Թե ինչ նպատակով են իրենց տներում շատ մարդկանց հաշվառում՝ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել եւ իրավասու չեմ, յուրաքանչյուրը կարող է մի նպատակ հետապնդել։ Իհարկե այն բոլոր տները, որտեղ հաշվառված անձանց քանակը մեծ է, մենք նրանց մասին ունենք տեղեկատվություն եւ դրանք գտնվում են ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների տեսադաշտում, սակայն օրենսդրական սահմանափակում չունենք, որ արգելենք այդ գործընթացը։

– Ընտրողների նախնական թիվը ոստիկանության վերջին տվյալներով 2 մլն 583 823 է։ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակվել էր 2 մլն 573 779 թիվը։ Այսինքն ավելացե՞լ է ընտրողների թիվը։

– Այո՛, բնականաբար, նայեք 2018 թվականից հետո անցել է քանի տարի․դա բնական պրոցես է: Վերցրեք նույնիսկ 1995 թվականի տվյալները, առ այսօր ընտրողների թիվն անընդհատ աճում է, դա տեղի է ունենում բնակչության պոպուլյացիայի, բնական աճի հաշվին։

– Արտագաղթն այս թվի վրա չի ազդում, որովհետեւ արտագաղթածների անունները դուրս չեն գալիս ցուցակից:

– Այո, եթե անձը ունի հաշվառում՝ անկախ նրանից նա Հայաստանից դուրս է գալիս, թե ոչ, նա գտնվում է ընտրացուցակում։ Բացի այդ, մենք ունենք տենդենց, որ ավելի շատ մարդիկ են ստանում ՀՀ քաղաքացիություն, քան դադարեցնում են, դա նույնպես աճի միտումներից մեկն է։

– Դուք շուրջ մեկ տարի է արդեն անձնագրային եւ վիզաների վարչության պետն եք, կարո՞ղ եք տվյալ հրապարակել՝ քանի՞ անձ է քաղաքացիություն ստացել։

– ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թվերը գաղտնիք չեն, դրանք անընդհատ հրապարակվում են ոստիկանության կողմից: Ես, օրինակ, կարող եմ ասել, որ 2020 թվականին 2585 ընտրող, այսինքն 18 տարեկանից բարձր անձ, ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Մանրամասները `սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել