Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը

0
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին առողջապահության նախարարության, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների բժշկական կենտրոնների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին առնչվող հարցեր։ Կարևորելով պատվաստումների իրականացման գործընթացը՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն առաջնային դերակատարություն ունի հանրության առողջության պահպանման գործում.
-Հիվանդության յուրաքանչյուր նոր ալիք շատ ավելի ծանր հետևանքներ է ունենում, քան նախորդը: Հանրային առողջության պահպանման միակ տարբերակը մասսսայական պատվաստումներն են,-ասաց Ա. Ավանեսյանը: Նա կարևորեց հատկապես առողջապահական ոլորտի աշխատողների և մարզում հարգանք և հեղինակություն վայելող քաղաքացիների կողմից օրինակելի վարքի դրսևորումը:
Ա. Ավանեսյանը նշեց, որ Լոռու մարզում պատվաստումների ընդհանուր ցուցանիշները բնակչության թվաքանակի համեմատությամբ չեն գոհացնում՝ խնդրելով այս ուղղությամբ առավել հետևողական ջանքեր գործադրել:
Հանդիպման շրջանակներում նախարարը պատասխանեց նաև ներկաներին մտահոգող հարցերին՝ պարզաբանումներ տալով տարբեր խնդրահարույց հարցերի վերաբերյալ:
Այցի շրջանակներում այսօր մարզի ղեկավարի ուղեկցությամբ նախարարը կլինի նաև Վանաձորի թիվ 1 համաբուժարանում և Սպիտակի բժշկական կենտրոնում՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին:

Մեկնաբանել