Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին վարկային միջնորդների խնդրից, որոնց դիմելուց վարկը մինչեւ 200-300 տոկոս է դառնում քաղաքացու համար: Հարցին՝ լծակներ չկա՞ն այդ կազմակերպություններով զբաղվելու, ԿԲ նախագահն ասաց, որ դա իրենց ամենամեծ խնդիրներից մեկն է, որով անընդհատ զբաղվում են: Այս մասին հայտնում է`armtimes.com -ը:
«Այդ կազմակերպություններից՝ 1-ին, 10-ին, 100-ին դաշտից հանելով, ստեղծվում են նորերը: Կենտրոնական բանկը մեր օրենսդրության շրջանակներում լիազորություն չունի այլ գործողություններ իրականացնել, քան պատկան մարմիններին իրազեկելն է: Մենք ինֆորմացիան հավաքում ենք, համակարգում ենք, հնարավորինս լավ կերպով ներկայացնում ենք մեր իրավապահ մարմիններին, որպեսզի շարունակություն տեղի ունենա»,- նշեց Գալստյանը:
Նրա խոսքով՝ իրենք վարկային կազմակերպություններին բերեցին ու հատուկ իրավական կարգավիճակ տվեցին, որ ԿԲ դաշտում գործեն, բայց կան կազմակերպություններ, որոնք ըստ էության երկրում ապօրինությամբ են զբաղված. «Մեր հայրենակիցներին էլ կխնդրեմ, որպեսզի այդպիսի բաներից զերծ մնան, այդտեղ ոչ մի լավ բան չկա: Հասկանում եմ, որ կա ծանր սոցիալական վիճակ մարդկանց մոտ, բայց դա լավ բան չէ: Մենք փորձում ենք հնարավորինս այդ երեւույթի դեմ պայքարել, բայց մենք օժտված չենք իրավապահներին բնորոշ ֆունկցիաներով, ուստի հիմնական ջանքը գնում է նրա վրա, որ այդ ինֆորմացիան այնպես հավաքենք, որ իրավապահներին ավելի հեշտ լինի հենց բուն գործողություն իրականացնել»:
ԿԲ ֆինանսական վերահսկողության եւ լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Դանիել Ազատյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք մի քանի գործողություն են իրականացրել:
«Մենք 2019-ին օրենսդրական փոփոխություն ենք արել եւ կազմակերպություններին առանց ԿԲ-ի լիցենզիայի արգելվել է իրենց գործունեության մեջ նշել՝ վարկ, վարկային միջնորդություն, վարկային խորհրդատվություն տերմինոլոգիաները:




