Գլխավոր ԵՐԵւԱՆ Քվեաթերթիկների տպագրության վրա ծախսվելու է 460 միլիոն դրամ. Տիգրան Մուկուչյան

Քվեաթերթիկների տպագրության վրա ծախսվելու է 460 միլիոն դրամ. Տիգրան Մուկուչյան

0

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ընտրախախտումների մասին, ասաց, որ իրենք տարբեր էսքիզներ են ստացել պաստառների, որոնք համարվում են ասոցացվող նախընտրական քարոզչության հետ:

«Բոլոր այն պաստառները, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ, ենթակա են հանելու»,-նշեց Մուկուչյանը՝ անդարադառնալով «Հայաստան» դաշինքի վարաչպետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գրքի պաստառը հեռացնելու որոշմանը։

«Խոսքը վերաբերում է 5 քմ-ն գերազանցող պաստառներին: Մենք որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի» պաստառների հետ կապված, որոշումներ կան 5665 կուսակցության հետ կապված, որովհետեւ կար Մասիս սարի պատկերով պաստառներ, որոնց վրա կար այդ թիվը, Տիգրան Արզաքանցյանի պաստառներում կային: Հնարավոր է լինեն այլ վահանակներ, որոնք շրջայցերով հնարավոր չի եղել հայտնաբերել, բայց ցանկացած նման դեպք հայտնաբերելու դեպքում միանշանակ դառնալու են քննարկման առարկա: Կա պաստառների որակի խմբաքանակ, որը բաշխվում է կուսակցությունների, դաշինքների միջեւ վիճակահանությամբ: Դրա նպատակն է հավասար մոտեցում ապահովել բոլոր թեկնածուների նկատմամբ: Այս քարոզարշավի ընթացքում մենք նկատեցինք, որ նման պաստառներ սկսեցին հայտնվել շատ ավելի շուտ, քան քարոզարշավը՝ հունիսի 7-ից շուտ»,-ասաց Մուկուչյանը:

Նրա խոսքով` բնավ կապ չունի, թե երբ են տեղադրվել այդ պաստառները, դրանք նախընտրական քարոզչության ժամանակ պետք է հեռացվեն։

Խոսելով ընտրությունների ժամանակ ծախսվող գումարների մասին, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվել է 460 միլիոն դրամ:

«Մեզ հատկացվող գումարի հիմնական մասը`80 տոկոսը, ծախսվում է որպես աշխատավարձ` տեղամասային հանձնաժողովների անդամների և մյուսների։ Բացի այդ, մոտավորապես 70 մլն հատ քվեաթերթիկ է տպագրվելու»,–ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահն ընդգծեց՝ ԿԸՀ-ն գրանցել է  ընտրություններին մասնակցող 26 սուբյեկտ, 22 կուսակցություն, 4 կուսակցությունների դաշինք. առանձին դեպքերում թեկնածուների հետ կապված ընդունվել են գրանցումները մերժելու վերաբերյալ որոշումներ:

Խոսելով ինքնաբացարկների մասին, Մուկուչյանն ասաց, որ Առանձին թեկնածուների հետ կապված կան եզակի դիմումներ, որոնք ստացվել են ինքնաբացարկի վերաբերյալ։ ԿԸՀ նախագահը չմանրամասնեց, թե ում կողմից են ներկայացվել դիմումներ, սակայն նշեց, որ առաջիկայում նիստ կլինի և դիմումներով որոշում կկայացվի։ Մուկուչյանի խոսքով՝ մինչև հունիսի 10-ը ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, այնպես էլ՝ ցուցակում ընդգրկված թեկնածուներն իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ, որոնք քննարկվելու են հրապարակային։

Մեկնաբանել