Այսօր Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մատուցված պատարագից հետո Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, եկեղեցու խաչքավոր Ստանիսլավ Համբարձումյանն ու բազում սպիտակցիներ մասնակցեցին եկեղեցու արևելյան հատվածում տեղադրված խաչքարի օծման արարողությանը և եկեղեցու հարևանությամբ գտնվող հայորդաց տան բացմանը, որն իրականություն է դարձել Ստանսիլավ Համբարձումյանի խաչքավորությամբ ու հովանավորությամբ։Խաչքարի օծման արարողությունն սկսելուց առաջ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը խոսք ասաց և մասնավորապես նշեց.
– Այս հովվատունը պետք է լինի կիրակնօրյա դպրոց մեր համայնքի երեխաների և բնակիչների համար, ովքեր քրիստոնեկան դաստիարակություն կստանան, այն յուրօրինակ կրթօջախ կլինի համայնքի բնակիչների համար։ Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց Համբարձումյանների ընտանիքին, ովքեր արդեն հինգերորդ տարին է, որ ստանձնում են եկեղեցու խաչքավորությունը, ոչ միայն մշտական ուշադրության կենտրոնում են պահում Սբ Հարություն եկեղեցու խնդիրները, այլ նաև լուծում են տալիս դրանց։
Խաչքարի օծումից հետո ներկաները մասնակցեցին Հայորդաց տան բացմանը։Այստեղ իր խոսքն ասաց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ով ևս շնորհակալություն հայտնեց այս եզակի կառույցը իրականություն դարձնողներին և հույս հայտնեց, որ այստեղ հաճախող երեխաների մեջ կսերմանվի այն, ինչն ընդունելի է Աստծո կողմից՝ ազնվություն, մաքրություն ու ճշմարտություն։ Երախտիքի խոսքեր ասացին նաև բացմանը մասնակցող համայնքի բնակիչները։
Վերջում բոլորն օգտվեցին նաև սուրբ մատաղից։




