
«Երկրին պետք է կայունություն: Դա է թիվ մեկ խնդիրը: Նրանք, որոնք դեմ են անձնական շահերով առաջնորդվող, խիստ աղքատիկ ժառանգություն թողած նախկիներին, ովքեր դեմ են ապաշնորհ նորերին, առաջարկում ենք միավորվել, որի նպատակը կլինի հետևյալը: Մեկ ու կես տարի անցումային ժամանակահատվածում երկիրը ոտքի կանգնեցնելը»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց Արշակ Սադոյանը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ աննախադեպ ծավալի աշխատանք պետք է կատարվի՝ հաշվի առնելով պատերազմի կորուստները, որոնք թե նյութական են, թե մարդկային: Ըստ Արշակ Սադոյանի՝ անվտանգային համակարգն ամուր հիմքերի վրա դնելը պետք է լինի առաջնահերթություններից:
«Այդ ամենին զուգահեռ պետք է տնտեսությունը կարգի բերել, որքա՞ն կարելի է մի քանի անգամ հետ մնալ զարգացած երկրներից: Մենք հասկանում ենք, որ այդ բոլոր խնդիրները միայն հայաստանաբնակ ուժերով հնարավոր չէ անել, մենք հիմքում դրեցինք Սփյուռքի ներուժի օգտագործումը: Առաջարկում ենք ստեղծել նպատակային գործունեության կազմակերպություն, որի մայրաքաղաք-կենտրոն կլինի Հայաստանը»,-ասաց Արշակ Սադոյանը: