
Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը եւ շարժման անդամները Արարատի մարզի բնակիչներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը։ Անհատական եւ ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարեւորեց հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարեւոր է:
«Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան եւ երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից: Նոր ձեւավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում եմ գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել: Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջեւում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»,–ասաց նա:
