Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը եւ սա համարում է քաղաքական կողմնակալության դրսեւորում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԴԿ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։
Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել եւ գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:
Դեմոկրատական կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։
Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է եւ սա թույլ է տալիս կասկածել նաեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից»:
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն որոշում էր կայացրել չեղարկել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու:



