Հունիսի 14-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Է․ Մ․) և «Lancia» (վարորդ՝ Գ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Lancia» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և գազի բալոնը դուրս է թռել․ կա երեք տուժած։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել․ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Մ․ Ս․-ն, «Lancia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Հ․ Հ․-ն, Մ․ Մ․-ն և Մ․ Ղ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։