«Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ»:
Այսօր այս մասին Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, սակայն, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով դեռևս գործը չի քննվել:
«Իհարկե, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով քննչական գործողություններ տեղի չէին ունենում, որպեսզի վարակի տարածումը կանխվի։ Հետո եկավ պատերազմը։ Բայց ուզում եմ բոլորդ իմանաք, որ նախաքննությունը բացված է, և ԱԱԾ–ն վարում է այդ քննությունը: Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն և բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:




