
2021թ. հունիսի 24-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ոստիկանը պահպանվող տարածքի ներսում նկատել է տարեց քաղաքացու, ով ներկայացել է որպես վերահսկողություն իրականացնող աշխատակից եւ հայտնել, թե, իբր, պատրաստվում է թունավորել ջուրը, արտահայտել բազմաթիվ անհասկանալի մտքեր՝ դրսեւորելով ակնհայտորեն անհավասարակշիռ վարքագիծ:
ՔԿ-ից հայտնում են, որ նկատի ունենալով, որ քաղաքացին անհեթեթ, միմյանց չկապակցված եւ հանցավոր մտքեր է արտահայտել, պարզաբանումներ կատարելու նպատակով ոստիկանը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որի ընթացքում քաղաքացին իր ձեռքին եղած մետաղյա քանոնով հարվածներ է հասցրել ոստիկանի ձախ ուսին եւ ձախ ձեռքի դաստակին:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր. քաղաքացու անձնական խուզարկությամբ որեւէ նյութ չի հայտնաբերվել:




