«Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հունիսի 22-ին իրենք դիմել են ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղմասերում վերահաշվարկ և շտկումներ անելու առաջարկով:
«Օրինակ՝ շուրջ 14 ընտրատեղամասերում վավեր և անվավեր թվեաթերթիկների թիվը չէր համապատասխանում ընդհանուր քվեների թվի հետ: Սակայն շատ անճշտություններ կապված են եղել հենց մուտքագրումների հետ: Այսինքն՝ արձանագրության մեջ թվերը ճիշտ են եղել գրված, իսկ մուտքագրվել են սխալ: Դրանք մեխանիկական շտկումներ են ուղղակի, նույնիսկ առանց վերահաշվարկի: Բայց պետք է արձանագրենք, որ այդ շտկումներն էական ազդեցություն չեն ունեցել քվեների բաշխման վրա: Մենք բացահայտել ենք, որ կարողության որոշակի խնդիրներ են եղել տարրական թվաբանական հարցերում, ինչպես նաև հանձնաժողվների անդամները շատ ժամանակ տեղյակ չեն եղել ընտրական գործընթացների անցկացման ճիշտ կարգերի հետ:»:
Ասուլիսի մյուս բանախոս Դանիել Իոաննիսյանն էլ անդրադառնալով մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում առաջացած աղմուկին, ասաց.
«Ամենամեծ աղմուկը բարձրացավ 23/47 տեղամասի վերահաշվարկի արդյունքներից հետո, որտեղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենց ձայները տասնապատկվել են: Իրականությունն այլ է: Այդ տեղամասում դաշինքը հավաքել էր 100 ձայն, տարածքային ընտրական հանձնաժողովում մուտքագրման արդյունքում արձանագրվել էր 10 ձայն: Մեկ 0 պակաս էր մուտքագրվել: Բայց դա չի նշանակում, որ որևիցե մեկը փորձել էր կեղծել քվեները: Քաղվածքում հստակ գրված է եղել 100 ձայն, ոչ ոք չի կեղծել այնտեղ ընտրությունները, ոչ ոք ոչ մի քվե չի գողացել: Բերեմ մեկ այլ օրինակ: Օրինակ՝ 4/3 տեղամասի արձանագրության մեջ ՔՊ-ի ձայները գրված է 409, բայց ԿԸՀ-ի կայքում գրված էր 49, սա չի նշանակում, որ որևիցե մեկը փորձել է գողանալ նրանց ձայները, ուղղակի մուտքագրելիս աշխատակիցը սխալ է թույլ տվել և այսպիսի տեխնիկական վրիպակները շատ են եղել»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:
Արթուր Սաքունցն էլ իր հերթին նշեց՝ այս ընտրություններին հիմնականում եղել են տեխնիկական բացթողումներ. «Մեծ ընտրախախտումների դեպքեր չեն եղել, երբ օրինակ՝ նախկինում մեկ անձը երկու անգամ տարբեր տեղամասերում քվեարկում էր, եթե լիներ, դա արդեն կլիներ խայտառակություն»:
Իոաննիսյան էլ Սաքունցի նկատառմանն ի պատասխանեց հիշեցրեց մեկ այլ դեպքի մասին.
«Ցուցակներում մարդկանց անունների կրկնության դեպքեր չեն եղել, բայց մենք այլ էպիկ բան էինք գտել, երբ նույն մարդը տարբեր կուսակցություններում թեկնածու էր ընդգրկված»,-ասաց Իոաննիսյանը, սակայն չհիշեց, թե ում մասին է խոսքը:
Խոսելով այլ խախտումների մասին, Իոաննիսյանը նշեց, որ շատ են եղել դեպքերը, երբ կոնկրետ հենց երրորդ համարի (Քաղաքացիական պայմանագիր) թերթիկները պատռված են եղել.
«Կամ այդ ընտրողներին չեն տվել երրորդ համարի թերթիկ, նրանք քվեախցիկի «աղբամանից» են վերցրել դրանք, դրա համար էլ եղել են պատռված, կամ նրանց պարտադրել են դուրս հանել երրորդ համարի քվեաթերթիկը, դրա համար էլ իրենք իրենցը տրամադրված երրորդ համար թերթիկը դուրս են հանել, իսկ «աղբամանի» երրորդ համարի թերթիկներից մեկը դրել են ծրարի մեջ: Ես այլ բացատրություն չունեմ, թե ինչու են այդքան շատ վնասված երրորդ համարի քվեաթերթիկները»:
Խոսելով զորամասերում և ՔԿՀ-ներում կազմակերպված ընտրությունների ընթացքից, «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ այս ոլորտներում մի շարք բացեր կան որոնք պետք է լրացվեն: Նրանք մտահոգություն հայտնեցին, որ օրինակ՝ ՔԿՀ-ներում չեն կարողանում դիտորդական առաքելություն իրականացնել:
«Պետք է հնարավորություն տալ դիտորդներին իրականցնելու ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն՝ առանց ընթակարգային նորմերի արգելքների»:




