Գլխավոր ԵՐԵւԱՆ Այս տարին գյուղատնտեսության համար սակավաջուր է. ոլորտի պատասխանատուները մի քանի պատճառ են...

Այս տարին գյուղատնտեսության համար սակավաջուր է. ոլորտի պատասխանատուները մի քանի պատճառ են նշում

0

Հայաստանում այս տարի ոռոգման ջրի սակավություն կա: Պատճառներից մեկն այն է, որ եղանակային պայմանները շատ դեպքերում հավելյալ ջրի պահանջարկ են ստեղծել: Որոշ դեպքերում էլ գյուղացիները քիչ ջուր պահանջող մշակաբույսերից անցել են ավելի շատ ջուր պահանջող մշակաբույսերի, ինչն էլ իր հերթին է ազդել խնդրի խորացմանը: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Հարցն այնքան էր լրջացել, որ վերջին օրերին տարբեր մարզերում գյուղացիները բողոքի ցույցեր էին արել՝ ոռոգման ջուր պահանջելով: Իհարկե, Հայաստանը երբեք էլ ոռոգման ջրի առատությամբ աչքի չի ընկել, սակայն այս տարի իրավիճակն ավելի է բարդացել:

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի եւ բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխանատուները:

Փաշինյանը նշել է, որ 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին՝ ջրօգտագործման ոլորտում եւ ոռոգման ջրի ասպարեզում:

Նա հիշեցրել է, որ գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի կաթիլային ոռոգման եւ ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Բացի այդ, Փաշինյանն ասել է, որ մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքը պետք է սկսել:

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ փորձում են ոռոգման ջրի խնդիրը կառավարելի դարձնել: Նշեց, որ ստեղծված իրավիճակը գլոբալ տաքացման հետ է կապված. «Ջրման ռեժիմները կրճատվել են մոտավորապես 35 տոկոսով: Եթե նախկինում ինչ-որ մշակաբույսի ոռոգումն իրականացվել է 10 օրը մեկ, ապա այս տաքացումների հետ կապված պահանջարկը շատացել է եւ ավելի շուտ են ուզում ջրամատակարարում իրականացվի»:

Սարգսյանի խոսքով՝ Էջմիածնում խնդիրը կապված է եղել վթարավերականգնողական աշխատանքների հետ, աշխատանքներ են իրականացվել, ընդամենը 2 օրով ջուրը դադարեցվել է, բայց հիմա ջրամատակարարումը վերականգնվել է: Ըստ նրա՝ խնդիրը հիմա կարգավորված է, բոլոր մարզերում ոռոգում կա, սակայն հիմա կան նաեւ պոմպերի հետ կապված խնդիրներ:

Հարցին՝ 2 օր ջուր չունենալը  վնաս հասցրե՞լ է գյուղացիներին, Սարգսյանը պատասխանեց. «2 օր ջուր չունենալը չէր կարող վնաս հասցնել գյուղացուն, որովհետեւ հայտ ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում ջրօգտագործող ընկերությունը պարտավորվում է մատակարարել: Այսօրվա խնդիրը տաքացումներն են, բարձր ջերմաստիճանն է, մշակաբույսը ավելի շատ ջուր է պահանջում, քան նորմայով տրված է»:

Խոսելով կաթիլային ոռոգման անցնելու՝ վարչապետի հայտարարության մասին, կոմիտեի նախագահն ասաց, որ նախագիծ են մշակել, որը շուտով կիրագործվի. «Մինչեւ 3 հեկտար հողատարածքները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման. 5 տարով կազատվեն ոռոգման ջրի վճարից»:

Սարգսյանը նշեց, որ այս պահին առկա ռիսկերն իրենց վերահսկողության տակ են:

Հարցին՝ այս պահին կա՞ն  դարձյալ ջրային մաֆիաներ, որոնց մասին ժամանակին խոսվում էր, նա պատասխանեց. «Մենք փորձել ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նմանատիպ երեւույթներ գոնե մեր կառավարման ժամանակ չլինեն»:

Անդրադառնալով գյուղացիների կողմից Կառավարությանն ուղղված մեղադրանքներին, որ ջուրը չեն ապահովում, նա ասաց, որ դրանք օբյեկտիվ չի համարում. «Ինչ-որ մարդիկ փորձում են քաղաքական ենթատեքստեր դնել սրա տակ՝ չպատկերացնելով դրա իրական վտանգները: Ըստ իս, սովորական լուծելի հարցը քաղաքականացվել է: Ինձ այսօր հայտնի դարձավ նաեւ, որ մի քանի խումբ անձինք Արմավիրի մարզում սուտ լուրեր են փորձում տարածել, թե ջրանջատում է լինելու եւ 4-5 օր ջուր չեն ունենալու, բայց նմանատիպ բան չկա»:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի խոսքով՝ իրենց մարզում ջրամատակարարումը շարունակվում է: Ըստ նրա՝ ոչ միայն այս տարի, այլեւ առաջիկա տարիներին Հայաստանը ոռոգման ջրի պակաս կունենա, քանի որ ջրի կառավարման խնդիր կա:

«Խնդիրն ավելի խորացավ, քանի որ որոշ ոռոգելի տարածքների համար նախատեսված եւ նոր կառուցվող ջրամատակարարման ցանցերը տարվա սկզբին եղել են վերանորոգման մեջ: Արմավիրում նաեւ ամեն տարի 200- 300 հեկտար մշակովի հողատարածքները աճում են, իսկ արդեն մշակվող հողատարածքների մշակաբույսերը անցում են կատարել ավելի թանկարժեք մշակաբույսերի: Օրինակ՝ հացահատիկը Արմավիրի մարզում ոռոգվում էր տարեկան 2 անգամ, իսկ այլ մշակաբույսի դեպքում նույն հողամասում արդեն 3 օրը մեկ է ոռոգման կարիք լինում»,- մանրամասնեց Մաթեւոսյանը՝ հավելելով, որ դա ոռոգման համակարգի վրա 10-ապատիկ, անգամ 100-ապատիկ ավելի մեծ ճնշում է:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել