Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորեց նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
«Կարծում եմ՝ դա կարեւոր է բոլորի, նախ եւ առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով:
Շատ կարեւոր է ունենալ ժողովրդի վստահությունը, եւ Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իրականում դա ամենակարեւորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարեւոր պայմանն է հետագա զարգացման:
Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ դրա առթիվ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական եւ ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք եւ որոնք մեր լուծման կարիքն ունեն»,- ասաց ՌԴ նախագահ Պուտինը:




