Կապան-Նորաշենիկ-Աղվանի ճանապարհի կարեւորությունը, դեռ ավելին, հույժ անհրաժեշտությունը զգացվել է դեռեւս Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ Կապանը պարբերաբար հրետակոծվում էր, եւ վտանգավոր էր դարձել Կապան-Գորիս ավտոմայրուղով երթեւեկությունը: Ըստ «Սյունյաց երկիր»–ի, այս ճանապարհով էին տեղափոխվում առաջին անհրաժեշտության ապրանքներն ու զինամթերքները…
Անցյալ տարի սկսվեց այս ճանապարհի Աղվանի-Տաթեւ հատվածի վերակառուցումը…
Չնայած մեծ կարեւորությանը՝ Կապան-Աղվանի-Տաթեւ ճանապարհի կառուցումը դիտարկվում է որպես Մ-2 Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոմայրուղին հակառակորդին թողնելու կամ Մ-2-ի անվտանգությունը խաթարելու հեռահար քայլ:
Իսկ Կապանում այդ ճանապարհի կառուցումն անվերապահորեն են ընդունում, նաեւ երկար սպասված եւ ցանկալի քայլ հատկապես Նորաշենիկի ձորի գյուղերի վերակենդանացման համար՝ Աղվանի, Տանձավեր, Վերին եւ Ներքին Խոտանաններ, Նորաշենիկ, Շրվենանց: Մեկ այլ հանգամանք էլ կա՝ այդ ճանապարհը Սյունիքի հոգեւոր կենտրոն Տաթեւի վանքը Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների հետ կապող ամենակարճ ուղին է:
Հուրախություն Նորաշենիկի ձորի բնակավայրերի բնակիչների եւ այդ տեղով երթեւեկող վարորդների՝ հունիսի 10-ից սկսվել է Կապանի Սյունիք բնակավայրի խաչմերուկից մինչեւ Շրվենանցի խաչմերուկ 12.6 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը:




