Գլխավոր ԵՐԵւԱՆ Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ

Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ

0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումները ենթակա են մերժման։ Այս մասին Սահմանադրական դատարանում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, ՍԴ-ում ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:

«Առաջին հերթին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում տեղի՞ են  ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։

Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության  արդյունքները։

Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը։

Հետևաբար, ընտրության արդյունքները անվավեր ճանաչելն իրենից ներկայացնում է բավականին լուրջ քաղաքական և իրավական զենք, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում»,- հայտարարեց Մուկուչյանը՝ նշելով, որ դիմումները ենթակա  են մերժման:

Հիշեցնենք, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Մեկնաբանել