Գլխավոր Без рубрики Ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի նախաքննությունը

Ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի նախաքննությունը

0

Ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: 5 տարվա վաղեմության գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արթուր Բաբայանը Արմեն Պառավյանի հետ խմբի կազմում համալիրի աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Դրանից հետո Ա. Բաբայանը, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, իրեն կարգի հրավիրելու՝ Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, իր կողմից ապօրինի ձեռք բերած ու կրած հրազենի բռնակով հարվածել է Արմեն Խլղաթյանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Որից հետո Ա. Բաբայանը երկու և ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով նույն հրազենից կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչ Արամ Կարապետյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է:

Այնուհետև կրկին շարունակելով հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը՝ Բաբայանը նույն հրազենից կրակել է Արմեն Խլղաթյանի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նա նույն հրազենն ուղղել է համալիրի հետնամուտքի դռնից դուրս եկած Սմբատ Խլղաթյանի կողմ և ձգանը մի քանի անգամ քաշելով՝ փորձել կրակել, սակայն ատրճանակը խափանվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք որ, քրեական գործով բոլոր անձանց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ՝ քրեադատավարական կարգին համապատասխան:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նշենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում 2016 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել էր 22-ամյա Ա. Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել՝ Տարոնիկի գյուղապետ Ա. Խլղաթյանը։

Մեկնաբանել