Իր ՖԲ էջում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.
Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է«խղճահար մոտեցում» կամ «կարեկցանքից» ելնելով օգնություն: Իրականում, խոսքը պետք է վերաբերի հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքին, նրանց համար ինքնուրույն և անկախ կյանքով ապրելու, հանրային կյանքին նրանց լիարժեք ներգրավման պայմաններ ստեղծելուն:
Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները՝ անկախ կյանքի հմտությունների շնորհիվ: Պետք է գնալ խոչընդոտող միջավայրային արգելքները վերացնելու և բոլորի հետ հավասար հիմունքներով նույն հնարավորությունները ստեղծելու ճանապարհով (աշխատանքի հմտություններ և աշխատանքի պայմաններ, ենթակառուցվածքներ, վերաբերմունք և այլն):
Ընդ որում, պետք է այդ ընթացքում հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները, դրանց յուրահատկությունները:




