Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Պայմանավորվածություն չի եղել, որ Գորիս-Կապան ճանապարհը բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն. Էդ....

Պայմանավորվածություն չի եղել, որ Գորիս-Կապան ճանապարհը բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն. Էդ. Աղաջանյան(վիդեո)

0

Կապան-Գորիս ճանապարհը բացվել է ոչ մի բանի դիմաց. չի եղել պայմանավորվածություն, որ բացելու դիմաց ադրբեջանական հենակետեր դրվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել:

«Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ»,-նշեց նա:

Ըստ Աղաջանյանի՝ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը. «ՀՀ ռազմական գերատեսչությունը մշտապես, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով կատարելագործվում է եւ վերակազմակերպվում է պատերազմից հետո առաջացած խնդիրներից հետո եւ մշտապես իր գործառույթներն իրականացնում եւ իրականացնելու է համապատասխան պահի առկայության պարագայում: Դրան զուգահեռ, ՔՊ կուսակցությունը, որպես նախընտրական կարեւորագույն խոստում, հանդես է եկել խաղաղության օրակարգի կարեւորությամբ եւ նախընտրական քարոզարշավի անկյունաքարային կետ սահմանել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու պատրաստակամությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ չի ստացվում այդ խաղաղությունը ստանալ, պարբերաբար լինում են միջադեպեր, Աղաջանյանն արձագանքեց.

«Մենք գնում ենք այդ ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: Մենք նման գործողությունները գնահատում ենք սադրանք Ադրբեջանի կողմից»,-ասաց նա:

Այն դիտարկմանը, թե այդ սադրանքները երբեմն ուղեկցվում են նաեւ զոհերով, Աղաջանյանն արձագանքեց. «Դրանք կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,-ասաց նա:


Մեկնաբանել