Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 24-ին, հրապարակեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Դատարանը որոշեց, որ Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) եւ մյուսները կմնան կալանքի տակ, իսկ Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Նախկին նախարարի համար երաշխավորել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար էլ փաստաբանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ. գրավի չափն էլ թողնվել է դատարանի հայեցողությանը։
Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




