![]()

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փետրվարի 17-ի կառավարության նիստում հայտարարեց, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:Վարչապետի խոսքով՝ այս նախագիծը մեծ ռազմավարական նշանակություն ունի: Մրցույթի իմաստն այն է, որ առաջին փուլին հրավիրվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ցանկանում ճանապարհի այդ շինարարությունն իրականացնելու համար: Նախագծի արժեքը մի քանի 100 մլն դոլար է:
«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին քննարկումների արդյունքում «Հյուսիս հարավ» նախագիծը մենք վերաձեւակերպել ու դարձրել ենք «Հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք» նախագիծ: Մենք հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանի հետ, մյուս ճյուղը՝ Հայաստանը Ադրբեջանին, հետագայում դեպի Նախիջեւան, Թուրքիա: Այս նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր համատեքստում: Հույս ունենք, որ մինչեւ տարվա վերջ կունենանք շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը:
Իհարկե, ճանապարհային նախագծի արեւելք-արեւմուտք հատվածն արված չէ, սակայն հընթացս համաձայնությունների ձեռքբերման համատեքստում կիրականացնենք դա»,- կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նախաորակավորման փուլը տեւելու է 70 օր: Վարչապետը հույս հայտնեց, որ ընկերություններն ակտիվորեն հայտ կներկայացնեն ու արդեն որակավորվածները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության համար նախատեսված մրցույթին:
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ -Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման համար: Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կարձանագրվեն որեւէ փաստաթղթի տեսքով, եւ արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի:




