Առողջապահության նախարարը սեղաններից աղամանները հավաքելուց առաջ պետք է եւ պարտավոր է ծանոթանալ ու վերահսկողություն սահմանել մարզերում առողջապահության ոլորտի խնդիրներին, տեխնիկա-սարքավորումների բացակայությանն ու դրանց համալրմանը: Ու այդ ամենը պետք է լինի ամենօրյա ռեժիմով:
Արդեն 20 օրից ավել է, ինչ չի աշխատում Վանաձորի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի սարքը՝ ԿԱՏԵ-ն: Պատկերացնում եք, 212 հազար բնակիչ ունեցող մարզը մեկ հատ համակարգչային տոմոգրաֆիայի է ունեցել, դա էլ արդեն 20 օր է չի աշխատում, ու մի 15 օր էլ դեռ պետք է, որ այդ սարքը իբր նորոգեն: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները՝ ի դեմս գերատեսչության ղեկավարի, թող սրա մասին մտածեն, որ կյանքի ու մահվան պայքար տվող հիվանդների հարազատները ստիպված են իրենց ծայրահեղ ծանր հիվանդին հասցնել Գյումրի, Դիլիջան կամ Երեւան, ու սա այն դեպքում, երբ շատ հաճախ հիվանդի վիճակը թույլ չի տալիս կազմակերպել այդ տեղափոխումն ու տեղաշարժը: Կամ էլ ստիպված են սպասել Երեւանից եկող ռեոնոմոբիլի ժամանմանը, որը եւս ժամանակ է տանում:
Ու այս ամենի հետ մեկտեղ, չաշխատող ու փաստացի գոյություն չունեցող սարքի պատճառով, կամ որ նույնն է՝ անհրաժեշտ բուժօգնություն չստանալու պատճառով մարդիկ են մահանում:
Հիմա երեւի կհիշեցնեք սանավիացիայի ուղղաթիռի մասին, բայց շտապեմ հիասթափեցնել՝ գիշերային ժամերին ուղղաթիռը հիվանդներ չի տեղափոխում, իսկ հիվանդների կյանքը փրկելու համար րոպեներն են անգամ կարեւոր: Ու քանի դեռ հիվանդը չի անցել ԿԱՏԵ հետազոտություն, հետեւաբար՝ անհրաժեշտ ու նեղ մասնագիտական բուժօգնություն ցույց տալու մասին խոսելը որոշ դեպքերում ավելորդ է:
Մի ամբողջ մարզ ու չաշխատող ԿԱՏԵ, իսկ նախարարության ուշադրությունը աղամանների վրա է կենտրոնացած: Նման իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել, եթե գոնե մարզում 2 սարք լիներ, որով, միանշանակ, հնարավոր կլիներ մարդկային կյանքեր փրկել:
Հ.Գ
Չաշխատող սարքի ու դրա՝ չաշխատելու հետեւանքով տուժած հիվանդների հարազատներից բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
Է. Ա.




